Հերքում «Ժամանակ» օրաթերթում Արթուր Վանեցյանին վերաբերող հրապարակման վերաբերյալ
ԱԱԾ հաղորդագրություններ
28-03-2019
«Ժամանակ» թերթի և 1in.am կայքի գլխավոր խմբագիր
տիկին Աստղիկ Սափեյանին
Հարգելի տիկին Սափեյան
Ձեր թերթում և կայքում տպագրվել է «Փայ կմտնի» վերնագրով «լուր», որն ապատեղեկատվություն է, չունի իրականության հետ որևէ կապ, և պարունակում է զրպարտչական բնույթի «տեղեկատվություն»։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը»: Միաժամանակ, «Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, «Անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը»:
Սույնով կտրականապես հերքում եմ այդ հոդվածում հրամցվածն այն մասով, որն առնչվում է ՀՀ ԱԱԾ տնօրեն Ա․ Վանեցյանին և, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ կետի համաձայն, պահանջում եմ հրապարակել հերքումը: Միաժամանակ, տեղեկացնում եմ, որ նշված տեղեկությունները սահմանված կարգով չհերքելու դեպքում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դիմելու ենք իրավունքի պաշտպանության այլ միջոցների։
Ավելացնեմ նաև, որ մենք բաց ենք մամուլի հետ աշխատանքում և ՀՀ ԱԱԾ գործունեության հետ որևէ կերպ առնչվող ցանկացած նյութ հրապարակելիս՝ ամբողջական պատկեր ունենալու համար, միշտ կարող եք ճշտել նաև կառույցի պաշտոնական կարծիքն ու դիրքորոշումն այդ հարցում:
Հարգանքով`
ՀՀ ազգային անվտանգության
ծառայության տնօրենի օգնական Վ. Բոյաջյան