ՀՀ ԱԱԾ նախաձեռնությամբ քննարկում՝ ՀՀ Արդարադատության ակադեմիայում
ԱԱԾ հաղորդագրություններ
25-06-2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախաձեռնությամբ, հունիսի 25-ին ՀՀ Արդարադատության ակադեմիայում անցկացվեց աշխատանքային քննարկում՝ «Ապօրինի հարստացման քրեաիրավական բնութագիրը և որակման առանձնահատկությունները» թեմայով:
Քննարկմանը մասնակից ՀՀ տարբեր ատյանի դատարանների դատավորների, ՀՀ դատախազության, ՀՀ քննչական մարմինների, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ ՏԱ և ԿՀ դեպարտամենտի ներկայացուցիչներն առաջ քաշեցին մի շարք հարցեր, որոնք առնչվում էին ապօրինի հարստացման վերաբերյալ քրեական գործերով ապացուցման բեռին, չափորոշիչներին և աղբյուրներին:Ապօրինի հարստացման հանցակազմը դիտարկվեց և մեկնաբանվեց անմեղության կանխավարկածի համատեքստում, առաջ քաշվեցին այս հանցագործությունների քննության ընթացքում գործնականում հանդիպող բազմաթիվ վիճելի և խնդրահարույց հարցեր, ընդգծվեց համատեղ միասնական քննչական ու դատական իրավակիրառ պրակտիկայի ձևավորման անհրաժեշտությունը:
Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը շնորհակալություն հայտնելով ներկաներին նշեց, որ աշխատանքային քննարկումը նվիրված է խիստ արդիական թեմայի և հաշվի առնելով քննարկման արդյունքները՝ կա պայմանավորվածություն մոտ ապագայում համատեղ քննարկում կազմակերպել նաև միջազգային գործընկերների ներգրավմամբ:
Միաժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց քննարկման արդյունքներով համատեղ պատրաստել գործնական ուղեցույց-ձեռնարկ, իսկ անհրաժեշտության դեպքում նախաձեռնել նաև օրենսդրական փոփոխություններ: