Բացահայտվել է խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության դեպք
ԱԱԾ հաղորդագրություններ
04-07-2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության դեպք:
Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ աշխատակիցները, օպերատիվ տվյալներ ստանալով այն մասին, որ թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված անձինք Հայաստան մաքսանենգ ճանապարհով տեղափոխված առանձնապես խոշոր չափերով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցն իրացնելու ուղիներ են փնտրում, «Վերահսկելի գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում կազմակերպել են թմրամիջոցի գնումը և բացահայտել դրա հետ առնչություն ունեցող անձանց:
ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, թմրամիջոցն իրացնող անձանց ներկայացվել է գնման համար նախատեսված 50.000 ԱՄՆ դոլար գումարը, և վերջիններս, համոզված լինելով, որ գործարքն իրական է, 1 կգ «մեթամֆետամինը» տեղափոխել են նախանշված վայր՝ գնորդին փոխանցելու համար, որից անմիջապես հետո բացահայտվել և բերման են ենթարկվել:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ համապատասխան հոդվածներով: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի, վերջիններս կալանավորվել են:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: