ԱԱԾ տնօրենը մասնակցել է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքին
ԱԱԾ հաղորդագրություններ
27-08-2019
Օգոստոսի 27-ին մեկնարկեց ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների՝ «Արժեքներ գործողության մեջ. Հայաստանի շահերը փոփոխվող աշխարհում» խորագրով ամենամյա համաժողովը:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ազգային անվտանգության տնօրեն Ա. Վանեցյանը, ԱԳ նախարար Զ. Մնացականյանը, տարբեր երկրներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպաններ, դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներ և այլք:
«Հայաստանի անվտանգության մարտահրավերներն աշխարհաքաղաքական վերափոխումների հոլովույթում» թեմատիկ քննարկման ժամանակ հնչեցրած ելույթում Ա. Վանեցյանը ներկայացրեց տարածաշրջանային զարգացումների և աշխարհաքաղաքական բազմաբնույթ գործոնների ազդեցության համատեքստում Հայաստանի անվտանգային մարտահրավերները և դրանց դեմ պայքարի տեսլականը: ԱԱԾ տնօրենն ընդգծեց, որ այս առումով շատ կարևոր է ՀՀ պետական բոլոր գերատեսչությունների համակարգված ու փոխլրացնող գործակցությունը.
«ԱԱԾ և ԱԳՆ աշխատանքը, յուրաքանչյուր կառույցին բնորոշ առանձնահատկություններով հանդերձ, կոչված է մեկ ընդհանուր գերակա նպատակի, այն է՝ նպաստել պետության առջև ծառացած խնդիրների համակարգված լուծմանը». – նշեց Ա. Վանեցյանը:
Համաժողովն իր աշխատանքները կշարունակի մինչև սեպտեմբերի 3-ը: Այս ընթացքում հանդիպումներ և քննարկումներ կծավալվեն Ազգային ժողովում, Գյումրիիում ու Արցախում: