ԱԱԾ հաղորդագրություններ
Մայիսի 10-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտում հարուցվել և քննվել է շուրջ 30 քրեական գործ, որոնց քննության նախնական արդյունքներով` պետական բյուջեին պատճառվել է 18 միլիարդ 965 միլիոն դրամի վնաս։ Այդ մասին «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդմանը տված բացառիկ հարցազրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը։
Վանեցյանի խոսքով՝ այս պահի դրությամբ պետբյուջե է վերականգնվել շուրջ 13 միլիարդ դրամը, «իսկ մնացածն ընթացքի մեջ է»։
«Այսօր մենք Հաշվեքննիչ պալատի, Ֆինանսների նախարարության, ՊԵԿ-ի մեր գործընկերների միջոցով տարբեր քրեական գործերով ընդհանուր առմամբ ստուգում ենք շուրջ 216 միլիարդ 539 միլիոն դրամի ֆինանսական գործարքների օրինականությունը։ Դա ահռելի գումար է, ուղղակի դա շատ մեծ ժամանակ է և ջանք: Հավատացեք, որ այդ գումարները շատ բարդ է հիմնավորել և հետ բերել», - ասաց ԱԱԾ տնօրենը։
«Բացի այդ, երևի թե ծանոթ եք հայտնի «Գոլդեն Փելես» հյուրանոցի հետ կապված խնդրին, որը վերադարձվել է պետությանը: Գործընթացը սկսվել է, Պետական գույքի կառավարման վարչությունը զբաղվում է այդ հարցով», - հավելեց Վանեցյանը:
Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ նոյեմբերի վերջին «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանը հայտարարել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրելու մասին: Ավելի վաղ ԱԱԾ-ն քրեական գործ էր հարուցել Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքով:
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանն, ով մեղադրվում էապօրինի հարստացման մեջ, օրերս հայտարարեց, որ պատրաստ է պետությանը փոխանցել 6 միլիոն դոլար։
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ «Դավիթաշեն» թաղամասում այն ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի կարողությանը, հայտարարել էր, որ «Սաշիկ Սարգսյանը հայաստանյան մենակ մի բանկում ունի 30 միլիոն դոլար»։
Հարցին, թե ի՞նչ եղավ այդ գումարների հետ, Վանեցյանը պատասխանեց․ - «Հարուցված են քրեական գործեր, կատարվում է նախաքննություն, նախաքննության արդյունքում կհիմնավորվի այդ գումարների ծագումը, և դրա արդյունքում․․․ Դուք արդեն լսել եք, որ իրենք տարբեր ԶԼՄ-ներով պատրաստակամություն են հայտնում նշված գումարները պետությանը վերադարձնելու՝ ոչ թե նվիրաբերելու, այլ վերադարձնելու մասին։ Այդ վերադարձը, կարծում եմ, առաջիկայում կլինի, և համաձայն Քրեական օրենսգրքի հոդվածների, որով այդ գումարների վրա կալանքները դրված են, բոլոր ընթացակարգերը պահելով՝ այդ քրեական գործերը կգնան իրենց հունով, և այդ գումարները կվերադարձվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե»։
«Դեռևս շատ անելիք ունեմ ազգային անվտանգության համակարգում»
«Ազատություն»․ - Գաղտնիք չէ, որ Արարատ Միրզոյանը՝ «Իմ քայլը» դաշինքի առաջատարներից մեկը, որն այժմ առաջին փոխվարչապետ է, կարող է և ընտրվել Ազգային ժողովի նախագահ, և այստեղ շատ ենթադրություններ կան, համառորեն այս ենթադրությունները շարունակվում են, ոմանք նույնիսկ համոզված ասում են, որ դա այդպես պիտի լինի, ասում են, որ Արթուր Վանեցյանը պետք է դառնա առաջին փոխվարչապետ: Ի՞նչ կարող եք ասել:
Արթուր Վանեցյան․ - Հիմա այդ հարցին ես ինչ ձև պատասխան տամ, այդ հարցը դառնալու է շահարկումների առարկա: Բայց որպեսզի այդ հարցը չդառնա շահարկումների առարկա, եթե թույլ կտաք, մի քիչ երկար ներկայացնեմ:
Ես ազգային անվտանգության մարմիններում ծառայում եմ արդեն շուրջ 20 տարի, այսինքն՝ 20 տարեկանս լրանալուց հետո, մի գաղտնիք էլ բացեմ՝ իմ ամուսնության օրը, ես ընդունվել եմ ծառայության Ազգային անվտանգության ծառայության մարմիններ: Դա 20 տարի առաջ համարյա, դեկտեմբերի 23-ին էր: Եվ այդ օրվանից ես մեծ սիրով և բարձր պատասխանատվությամբ կատարել եմ իմ պարտականությունները:
Ես անկեղծ հպարտ եմ, հպարտ եմ եղել և կարծում եմ միշտ հպարտ եմ լինելու, որ կարողանում եմ կրել այդ բարձր կոչումը, լինել ազգային անվտանգության մարմինների ներկայացուցիչ, իսկ այսօր, առավել ևս՝ այդ կառույցի ղեկավար: Ես շատ բավարարված եմ ինձ զգում՝ որպես մարդ, որպես սպա, լինելով Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, և կարծում եմ՝ իմ պարտականությունները այսօր ես կատարում եմ, ես ինքս գնահատական չտամ, բայց՝ բավականին դրական, և կարծում եմ՝ տեսանելի է այն փոփոխությունները, որ եղան այս կարճ ժամանակահատվածում ազգային անվտանգության համակարգում, և կարծում եմ՝ ես դեռևս շատ անելիք ունեմ ազգային անվտանգության համակարգում: Եվ եթե քաղաքական ղեկավարությունը նպատակահարմար կգտնի ինձ թողնել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնին, ես մեծ սիրով և մեծ պատասխանատվությամբ կշարունակեմ կատարել իմ պարտականությունները որպես Ազգային անվտանգության ծառայության տնօրեն:
«Ազատություն»․ - Իսկ եթե քաղաքական ղեկավարությունը գտնի, որ Դուք պետք է լինեք․․․
Վանեցյան․ - Իսկ քաղաքական ղեկավարությունը եթե գտնի, որ պետք է լինեմ, այդ ժամանակ քննարկում կլինի՝ կհասկանանք:
«Մեզ քաղաքական հետապնդման մեջ կարող էր մեղադրել Փաշինյանը, բայց ոչ Շահնազարյանը»
Անդրադառնալով Ազգային անվտանգության պետական վարչության նախկին ղեկավար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում Հանրապետականի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանի հայտարարություններին, նրան ԱԱԾ հրավիրելուն և դրա արձագանքներին՝ Արթուր Վանեցյանը ասաց․
«Դավիթ Շահնազարյանի կողմից հնչեցված խոսքերի մեջ հստակ կար հանցագործության մասին հաղորդման հատկանիշներ: Իմ հանձնարարությամբ՝ սահմանադրական կարգի և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի աշխատակիցները այդ հայտարարության հետ կապված իրականացրել են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որպեսզի պարզենք այդ հայտարարությունների իսկությունը:
Հստակ՝ ինքնիշխանությանը, Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին էր հայտարարել պարոն Շահնազարյանը, և մենք պարտավոր էինք դրան արձագանքեինք:
Մեր աշխատակիցները անհրաժեշտ միջոցառումները իրականացնելուց հետո հրավիրել են պարոն Շահնազարյանին Ազգային անվտանգության ծառայություն՝ ըստ էության հաղորդում ներկայացնելու և այլ մանրամասներ ներկայացնելու նպատակով: Ես կարծում էի, որ Դավիթ Շահնազարյանը, լինելով բավականաչափ փորձառու քաղաքական գործիչ, առավել ևս՝ նախկինում բախտ է վիճակվել իրեն, շատ կարճ, իհարկե, ղեկավարել Ազգային անվտանգության ծառայությունը, կարծում էի, որ ինքը կգա և այն հայտարարությունները, որը հնչեցրել է, կներկայացնի արդեն պաշտոնական մեզ, և մենք կկարողանանք գնահատական տալ: Որից հետո եղավ պարոն Շահնազարյանի հայտնի մամուլի ասուլիսը, որտեղ դեմքի լուրջ արտահայտությամբ և խրոխտ ձայնով պարոն Շահնազարյանը մեղադրեց քաղաքական հետապնդում իրականացնելու մեջ՝ Ազգային անվտանգության ծառայությանը:
Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ որևէ ուժի, որևէ քաղաքական գործչի, այդ թվում՝ Դավիթ Շահնազարյանի նկատմամբ Ազգային անվտանգության ծառայությունը քաղաքական հետապնդում չի իրականացրել և քանի դեռ ես հանդիսանում եմ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն՝ չի իրականացնելու:
Մեզ քաղաքական հետապնդման մեջ կարող էր մեղադրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, բայց ոչ պարոն Շահնազարյանը, որովհետև պարոն Շահնազարյանի հայտարարությունների հիման վրա, եթե հաստատվեին այդ հայտարարությունները, պատասխանատվության պետք է ենթարկվեր գործող վարչապետի պաշտոնակատարը:
Բայց դուք տեսաք, որ պարոն Շահնազարյանը վերածեց իր ասածները շոուի, որից հետո հայտարարեց, որ դա քաղաքական հայտարարություն էր»:
Դավիթ Շահնազարյանը դեկտեմբերի սկզբին ԱԱԾ էր հրավիրվել իր այն հայտարարությունների համար, թե «այսօրվա իշխանությունը կոնկրետ Արցախի համար շատ ավելի մեծ վտանգ է, քան Ադրբեջանը իր բոլոր զինված ուժերով»։ Նրա պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը իրականացնում է «իշխանություն՝ Արցախի փոխարեն» քաղաքական ծրագիր։
«Մեզ հաջողվել է Հայաստան հրավիրել մի լեգենդար ֆուտբոլային մասնագետի»
Սեպտեմբերի 22-ին Արթուր Վանեցյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: Նրա՝ ֆեդերացիան գլխավորելուց հետո Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարում նախ սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտություն կրեց Ջիբրալթարի թիմից, ապա 4:0 հաշվով հաղթեց Մակեդոնիային, մրցակցի հարկի տակ 6:2 հաշվով պարտության մատնեց Ջիբրալթարին և մրցաշարն ավարտեց Լիխտենշտեյնում ոչ-ոքիով՝ 2:2 հաշվով, ի վերջո երկրորդ տեղը գրավելով D լիգայի չորրորդ խմբում:
Վանեցյան․ - Ջիբրալթարի 1:0 պարտությունը, որ կրեց Հայաստանի հավաքականը, ես դառել էի հասարակության ամենամերժված մարդը՝ ինչ ասես ասում էին, դուրս եկա ստադիոնից՝ գոռում էին, ամեն ինչ․․․ Հետո եղավ Մակեդոնիայի խաղը, Հայաստանը հաղթեց 4:0․ ես դուրս եկա ստադիոնից, և ողջ բազմությունը՝ 10 հազար մարդ, կանգնած իմ անունն էին վանկարկում՝ «Վանեցյան», էս կողմ, են կողմ․․․ Իհարկե, հասարակությունն այդպես է գնահատում: Բայց ես կարճ ուզում եմ ներկայացնեմ մեր տեսլականը և զարգացումը հայկական ֆուտբոլի:
Այսօր մենք խնդիր ունենք Հայաստանում զարգացնել մանկապատանեկան ֆուտբոլը և մասսայական ֆուտբոլը, այսինքն՝ ֆուտբոլ խաղան որքան հնարավոր է շատ երեխաներ: Ինչ է պետք դրա համար՝ դրա համար պետք են դաշտեր, պետք են գնդակներ և պետք են, ամենակարևորը՝ մարզիչներ:
Դաշտերի հետ կապված՝ ես այցելել եմ Ցյուրիխ, հանդիպել եմ ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ, Դուբլինում այս վերջերս հանդիպում կայացավ Չեֆերինի հետ՝ ՈւԵՖԱ-ի նախագահի հետ, և մենք պայմանավորվածություններ ենք ձեռք բերել Հայաստանին, Ֆուտբոլի ֆեդերացիային որոշակի ֆինանսավորում ապահովեն մեզ, որ մենք կարողանանք կառուցենք փոքր դաշտեր:
Մեր նպատակն է՝ առաջին հինգ տարում Հայաստանում կառուցենք շուրջ 700 փոքր դաշտեր: 2019 թվականին մենք կառուցելու ենք Վայոց ձորի մարզում 12 փոքր դաշտ, կառուցելու ենք Եղեգնաձորի մարզադաշտը և կառուցելու ենք ֆուտբոլի դպրոց Մարտունիում, կառուցում ենք՝ հիմա արդեն, սկսել ենք, Սիսիանում ֆուտբոլի դպրոց, Արմավիրում, Էջմիածնում:
Եվ շատ կարևոր մի հանգամանք՝ մեզ ծանր բանակցությունների արդյունքում հաջողվել է Հայաստան հրավիրել մի լեգենդար ֆուտբոլային մասնագետի, ում անունը հիմա չեմ կարող ասել, որովհետև հիմա իմ ֆուտբոլային կոլեգաները նստած շունչները պահած երևի մտածում են՝ կասե՞մ, թե՞ չեմ ասի, որովհետև ըստ պայմանագրի իրավունք չունեմ անունը ասելու՝ հունվարի 6-ին կկարողանանք այդ անձի անունը տալ: Դա ֆուտբոլային աշխարհում լեգենդար մարդ է, ով համաձայնվել է գալ բնակվել Հայաստանում և մարզել մեր մարզիչներին և գրել ֆուտբոլի զարգացման ծրագիրը:
Հասցե՝ Երևան, 0001, Նալբանդյան փողոց 104
Հեռախոս +37410 563515
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ ta@sns.am-ին։
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։