ԱԱԾ տնօրենը մասնակցել է ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը
ԱԱԾ հաղորդագրություններ
04-09-2019
Սեպտեմբերի 4-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը մասնակցեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբն ազդարարեց «Հանդիսավոր երթի» սկիզբը, և շքերթի մասնակիցները դուրս եկան շարահրապարակ: Հրապարակով անցան ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների շարասյուները:
Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և այլք:
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն իր շնորհավորական ուղերձում նշեց, որ փրկարարի օրը լավագույն առիթն է՝ արտահայտելու խոր երախտագիտություն այն բարդ աշխատանքի համար, որը չափվում է կանխված ողբերգություններով և փրկված մարդկային կյանքերով.
«Ձեր աշխատանքի հիմնական բաղկացուցիչ մաս կազմող օպերատիվ արձագանքն ու արդյունավետ օգնության ցուցաբերումը դուք կատարում եք մեծ նվիրումով։ Փոխանցում եմ ձեզ իմ բարեմաղթանքները և առաջարկում աջակցություն ձեր ջանքերին՝ համատեղ ուժերով լուծելու ԱԻՆ ծառայության առջև ծառացած խնդիրները՝ ի նպաստ մեր երկրի և ժողովրդի», - ասաց Ա. Վանեցյանը։
ՀՀ ԱԱԾ և ԱԻՆ միջև համագործակցության ամրապնդման, համատեղ միջոցառումների անցկացման գործում ունեցած ներդրումների համար և մասնագիտական օրվա կապակցությամբ Ա. Վանեցյանը «Մարտական համագործակցության համար» մեդալով պարգևատրեց ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանին: ԱԱԾ տնօրենի կողմից ԱԻՆ ՓԾ 3 բարձրաստիճան սպաներ ևս պարգևատրվեցին մեդալներով ու կրծքանշանով: