Երևանում անցկացվում է «Արարատ-Անտիտեռոր-2019» հակաահաբեկչական վարժանքը
ԱԱԾ հաղորդագրություններ
24-09-2019
Սեպտեմբերի 25-ին Երևանում մեկնարկեց ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավար կազմի հավաքը: Միջոցառումն անցկացվում է ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնի (ԱՊՀ ՀԱԿ) համակարգմամբ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ: Հավաքի առանցքային միջոցառումն է Համագործակցության երկրների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքի եզրափակիչ փուլերի անցկացումը:
Երկօրյա միջոցառումներին մասնակցում են Համագործակցության անդամ 8 պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների, ԱՊՀ գործադիր կոմիտեի և ոլորտային համագործակցության մարմինների պատվիրակությունները:
Հավաքի բացմանը ներկա են ԱՊՀ ՀԱԿ ղեկավար, ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովը, ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Մոլդովայի և Ուզբեկստանի անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների, ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և հյուրեր:
«Արարատ-Անտիտեռոր-2019» վարժանքի սցենարի համաձայն՝ երկրորդ փուլի շրջանակներում ՀՀ ԱԱԾ «Ա» Վարչության հատուկ ստորաբաժանումների ուժերով Տավուշի մարզի Կողբ գյուղի շրջանում գազատարի պայթեցման, Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ-կայանի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչական շենքի և պետական հեռուստաընկերության եթերի տաղավարի զինված գրավման պայմաններում իրականացվել են գրավված օբյեկտներում պատանդների ազատագրմանը և պայմանական դիվերսիոն-ահաբեկչական խմբերի չեզոքացմանն ուղղված գործողություններ:
Ցուցադրվել է Հակաահաբեկչական գործողության (ՀԱԳ) կառավարման հանրապետական օպերատիվ շտաբի աշխատանքը, որի ղեկավարմամբ մշակվել են «պատանդների» ազատագրմանը և «ահաբեկիչների» ոչնչացմանն ուղղված հատուկ գործողության պլանավորման, նախապատրաստման և անցկացման հարցերը:
Վարժանքի ընթացքում մշակվել և իրականացվել են Համագործակցության երկրների իրավասու մարմինների փոխգործակցության ալգորիթմները, վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներում ահաբեկչական գործողությունների նախապատրաստման նախանշանների հայտնաբերման և կանխման ուղղությամբ:
Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԶՈՒ «Բաղրամյան» զորավարժարանում կանցկացվի վարժանքի եզրափակիչ փուլը:
Նշենք, որ ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների համատեղ հակաահաբեկչական վարժանքները հանդիսանում են Համագործակցության երկրների գործնական փոխգործակցության համակարգի կարևոր բաղադրիչ տարրը: Դրանց հիմնական նպատակն է ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների, հատուկ ծառայությունների և այլ ուժային կառույցների պատրաստվածության բարձրացումը՝ ահաբեկչական մարտահրավերներին և սպառնալիքներին համատեղ հակազդելու նպատակով: Հայաստանի տարածքում վարժանքներն անցկացվում են երկրորդ անգամ: 2006թ. դրանց անցկացման վայրը եղել է Հայկական ԱԷԿ-ը («Ատոմ-Անտիտեռոր-2006»):