ՀՀ ԶՈՒ «Բաղրամյան» զորավարժարանում ավարտվեց ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքը
ԱԱԾ հաղորդագրություններ
26-09-2019
Ահաբեկչական ուղղվածության ապօրինի զինված կազմավորումների շրջափակմանը և ոչնչացմանն ու իրադրության կայունացմանն ուղղված հատուկ գործողությանը մասնակցելու նպատակով Հակաահաբեկչական գործողության (ՀԱԳ) կառավարման հանրապետական շտաբը ներգրավել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի, զինված ուժերի և ոստիկանության ուժերն ու միջոցները: Ահաբեկչական գործողության հետևանքների վերացման նպատակով ներգրավվել են հանրապետության ԱԻՆ ստորաբաժանումները:
Վարժանքի մտահղացմամբ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տարածքում ՀԱԳ անցկացնելուց հետո հանրապետական օպերատիվ շտաբը ստանում է տեղեկատվություն առ այն, որ ահաբեկիչների առանձին խմբեր, ճեղքում կատարելով պետական սահմանով, փորձում են լքել Հայաստանի տարածքը: Միաժամանակ այն զինյալները, ովքեր պահպանել են մարտունակությունը և չեն հասցրել դուրս գալ դեպի սահման, գրավում են բնակավայրը՝ մտադրություն ունենալով տեղի բնակչության քողի տակ ապահովել անարգել նահանջը հանրապետության տարածքից:
ՀՀ ուժային գերատեսչությունների ստորաբաժանումների գործողությունների մշակումը ՀՀ ԶՈւ «Բաղրամյան» զորավարժարանում իրականացվել է մի քանի դրվագներով՝
1-ին դրվագ՝ գումարտակային մարտավարական խմբի ուժերով ապօրինի զինված կազմավորումների որոնում և ոչնչացում (Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ).
2-րդ դրվագ՝ ՀՀ ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումների կողմից ահաբեկիչների գրաված բնակավայրի ազատագրմանն ուղղված համատեղ մարտական գործողությունների անցկացում.
3-րդ դրվագ՝ ոստիկանության «Լեոպարդ» հատուկ ստորաբաժանման ուժերով առանձին շենքում զինյալների խմբի ոչնչացում և պատանդների ազատագրում.
4-րդ դրվագ՝ բնակավայրում իրադրության կայունացում և ահաբեկչական ներգործության հետևանքների վերացում (Հայաստանի Հանրապետության ԱԻՆ և ոստիկանության ստորաբաժանումների մասնակցությամբ).
5-րդ դրվագ՝ խոշոր ապօրինի զինված կազմավորման (ԱԶԿ) ոչնչացմանն ուղղված մարտական գործողությունների անցկացում (ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությամբ՝ մարտական հրաձգության անցկացմամբ).
6-րդ դրվագ՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների ուժերով ԱԶԿ փոքր խմբերի ոչնչացում:
Զորաշարժում ընդհանուր առմամբ ներգրավված են եղել ՀՀ ԶՈւ, ԱԱԾ, ԱԻՆ և Ոստիկանության շուրջ երկու հազար զինծառայողներ:
ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքը անցկացվել է երեք փուլով՝ ԱՊՀ ՀԱԿ համակարգմամբ և ուղղված էր Համագործակցության երկրների անվտանգության մարմինների, հատուկ ծառայությունների և այլ ուժային կառույցների պատրաստվածության բարձրացմանը՝ ահաբեկչական մարտահրավերներին և սպառնալիքներին համատեղ հակազդելու նպատակով: Վարժանքին մասնակցել են ԱՊՀ յոթ պետությունների (Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի) հատուկ ծառայությունները: