Բացահայտվել է կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության կատարման դեպք
ԱԱԾ հաղորդագրություններ
26-09-2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված պայքարի և կոռուպցիայի հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ԲՍՓ գործակալության սպասարկման ոլորտում կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության կատարման դեպք:
Հաստատված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ Արարատի մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննությունների հանձնաժողովի բուժվիճակագիրը, հաշմանդամության կարգի երկարացման համար դիմած ՀՀ քաղաքացուց համապատասխան պաշտոնատար անձանց միջոցով կաշառքի դիմաց հիշյալ գործընթացը կազմակերպելու խոստմամբ, ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, պահանջել ու ստացել է գումար, որից հետո անմիջապես բռնվել է։
Բացահայտված դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019 թ. սեպտեմբերի 25-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։
Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ՝ հնարավոր կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված անձանց բացահայտելու, պատասխանատվության կանչելու և վերջիններիս գործողությունների արդյունքում տուժած քաղաքացիների շրջանակը պարզելու ուղղությամբ: