«Ահաբեկչության դեմ պայքարն ազգային անվտանգության մարմինների գործունեության առաջնահերթություններից է». Է. Մարտիրոսյան
ԱԱԾ հաղորդագրություններ
11-10-2019
Հոկտեմբերի 9-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն ընդունեց Շանհայի համագործակցության կազմակերպության հակաահաբեկչական տարածաշրջանային կառույցի (ՇՀԿ ՀՏԿ) գործադիր տնօրեն Ջումախոն Գիյոսովին:
Ներկայացնելով կառույցի գործառույթները՝ Ջ.Գիյոսովը նշեց, որ գործադիր կոմիտեն համակարգում է ահաբեկչության, անջատողականության և ծայրահեղականության դեմ պայքարում կազմակերպության անդամ պետությունների իրավասու մարմինների փոխգործակցությունը: Նրա խոսքով՝ ՇՀ կազմակերպության առաջնահերթություններից է միջազգային համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև՝ գործընկեր պետությունների ներգրավումը ՇՀ կառույցի ահաբեկչության դեմ պայքարի համատեղ աշխատանքներում:
Բարձր գնահատելով ՇՀ կազմակերպության՝ ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքները՝ Է.Մարտիրոսյանը նշեց, որ ահաբեկչության սպառնալիքը 21-րդ դարում մարդկության առաջ ծառացած գլոբալ խնդիրներից է, և հետևաբար, ահաբեկչության դեմ պայքարն ազգային անվտանգության մարմինների գործունեության առաջնահերթություններից է: Է. Մարտիրոսյանը շեշտեց նաև, որ ՀՀ ԱԱԾ-ն պատրաստակամ է համագործակցել ՇՀ կազմակերպության հետ և համատեղ ուժերով պայքարել միջազգային ահաբեկչության վտանգների չեզոքացման ուղղությամբ:
Նշենք, որ այս համատեքստում կազմակերպության գործադիր կոմիտեի պատվիրակության աշխատանքային այցը Հայաստանի Հանրապետություն առաջինն էր: