Սոչիում քննարկվել են միջազգային ահաբեկչության նոր մարտահրավերների դեմ պայքարի խնդիրները
ԱԱԾ հաղորդագրություններ
18-10-2019
Ս. թ. հոկտեմբերի 16-17-ը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) հովանու ներքո տեղի է ունեցել գործընկեր պետությունների հատուկ ծառայությունների, անվտանգության և իրավապահ մարմինների ղեկավարների ամենամյա խորհրդակցության 18-րդ նիստը: Նիստին մասնակցել է նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը՝ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Խորհրդակցության նպատակն է միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կենտրոնական համակարգող համընդհանուր դերի սկզբունքների պահպանության միջոցով խաղաղության և կայունության ձեռքբերումը:
Ավելի քան 80 պետությունների իրավասու գերատեսչությունների 125 պատվիրակությունները քննարկել և ներկայացրել են իրենց տեսակետները միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության առավել արդիական մեթոդների, միջազգային ահաբեկչության նորահայտ մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարի արդի խնդիրների, ինչպես նաև՝ տեղեկատվական տիրույթների կիբերանվտանգության ապահովմանն ու ահաբեկչության հակազդեցության համակարգված մոտեցմանն առնչվող հարցերի շուրջ։
Խորհրդակցության ընթացքում մասնակից պետությունների հատուկ ծառայությունների, անվտանգության և իրավապահ մարմինների ղեկավարները հայտնել են իրենց տեսակետներն ու մոտեցումներն արդի խնդիրների շուրջ: Խորհրդակցության ավարտին մասնակիցները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծել են պետությունների և նրա իրավասու մարմինների՝ ահաբեկչությանը հակազդելու ոլորտում փոխգործակցության արդյունավետության բարձրացման ուղեգծի շարունակականությունը:
Նշենք, որ նիստի ընթացքում մշակված նոր խնդիրների լուծման մոտեցումներն ունենում են հետագա զարգացում միջազգային տարբեր հարթակներում: Նիստի ամփոփիչ և վերլուծական նյութերն ստանում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթղթի կարգավիճակ: