Բացահայտվել է ՀՀ արդարադատության նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքեր
ԱԱԾ հաղորդագրություններ
30-10-2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ արդարադատության նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 2012-2014թթ ընթացքում պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու դեպքեր:
Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնատար անձինք, անձնական և խմբային շահերից ելնելով, խաթարելով ՀՀ արդարադատության նախարարության բնականոն գործունեությունը, ծառայության շահերին հակառակ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պարտադրել են Նոտարական պալատի պատասխանատու անձին նշված կազմակերպության անունից կնքել Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող շենքի առաջին հարկի տարածքի վարձակալության պայմանագիր՝ սպառնալով հակառակ դեպքում քաղաքացիներից և նոտարներից նրա դեմ բողոքներ կորզելու եղանակով ազատել աշխատանքից: Արդյունքում, վերջինս Նոտարական պալատի անունից 2012թ փետրվարի 20-ին տարածքի սեփականատիրոջ լիազորված անձի հետ կնքել է հիշյալ տարածքի վարձակալության պայմանագիր՝ ամսական 300 000 ՀՀ դրամ վարձավճարով, իսկ Նոտարական պալատի հաշվեհամարից 2012թ փետրվարի 20-ից մինչև 2014թ սեպտեմբեր ամիսը ներառյալ լիազորված անձին անհիմն փոխանցվել են գումարներ, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին և առանց անհրաժեշտության կազմակերպության միջոցներից ելքագրվել է առանձնապես խոշոր չափերի գումար՝ առաջացնելով ծանր հետևանքներ:
Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածով: Կատարվում է նախաքննություն: