Էդուարդ Մարտիրոսյանը մասնակցել է Գոհար Վարդանյանի վերջին հրաժեշտի արարողությանը
ԱԱԾ հաղորդագրություններ
29-11-2019
Այսօր Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել լեգենդար հայ հետախույզ Գոհար Վարդանյանին:
Հայ հետախույզին հուղարկավորել են Տրոեկուրովյան գերեզմանատանը: Գոհար Վարդանյանի վերջին հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար Մոսկվա է մեկնել նաև ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը:
Գոհար Վարդանյանը կյանքից հեռացել է նոյեմբերի 25-ին՝ 93 տարեկանում:
Գոհար Լևոնի Վարդանյանը ծնվել է 1926թ, հունվարի 25-ին Լենինականում: 1930 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Իրան:
16 տարեկան հասակում անդամագրվել է իր ապագա ամուսին և զինակից Գևորգ Վարդանյանի հետախուզական խմբին, որի հետ միասին կատարել է բազմաթիվ հետախուզական աշխատանքներ:
1946 թվականին Գոհարն ամուսնացել է Գևորգ Վարդանյանի հետ։ Հարսանիքի արարողությունը տեղի է ունեցել Թեհրանի հայկական եկեղեցում:
1951 թվականին Վարդանյանների խնդրանքով գաղտնի խմբակցության կենտրոնը նրանց հնարավորություն է տվել բարձրագույն կրթություն ստանալ և նույն թվականին նրանք վերադարձել են ԽՍՀՄ։ 1956 թվականին Վարդանյաններն ավարտել են Երևանի օտար լեզուների ինստիտուտը, որից հետո «Անիտա» և «Անրի» օպերատիվ կեղծանուններով աշխատել են տարբեր երկրներում: