Հանդիսավոր կերպով նշվեց Հայաստանի անվտանգության մարմինների աշխատակցի մասնագիտական տոնը
ԱԱԾ հաղորդագրություններ
20-12-2019
Դեկտեմբերի 19-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ Հայաստանի անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ։
Հանդիսավոր նիստին մասնակցեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Բացման խոսքով հանդես եկավ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը. «Թույլ տվեք նկատել, որ այս տոնը հիրավի առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մյուս բոլոր տոների շարքում: Սա պետական մտածելակերպի, հայ ժողովրդին ու հայոց պետությանն անսահման նվիրվածության, նրանց շահն անձնականից գերադասելու, նրանց անվտանգության համար օրնիբուն աշխատող մարդկային տեսակի, պատվի տոնն է: Հայաստանի անվտանգության մարմինները պատմության ընթացքում անցել են բազմաթիվ վայրիվերումներով: Եվ կրկնակի ուրախալի է, որ այսօր մենք դիմավորում ենք մեր մասնագիտական տոնը հայոց պետության վերելքի և հզորացման պայմաններում»:
Է. Մարտիրոսյանը հավելեց նաև. «Ժամանակն է, որպեսզի բոլորը հասկանան, որ Հայաստանն այլևս մի պետություն է, որը թույլ չի տա իր ներքին և արտաքին անվտանգության շահերի նկատմամբ անպատիժ ոտնձգություններ: Այս պնդման հիմքում մեր ժողովրդի վճռականությունն է՝ տեր կանգնելու իր պետությանը, ինչպես նաև ժողովրդի կողմից ընտրված ղեկավարության քաղաքական կամքը: Այս համատեքստում կուզենայի նշել, որ Ազգային անվտանգության ծառայությունը և նրա ղեկավարությունը ջանք չի խնայելու համակարգում ընթացող բարեփոխումների շարունակականությունն ապահովելու գործում»:
Մասնագիտական տոնի կապակցությամբ անվտանգության մարմինների աշխատակիցներին շնորհավորեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Ես՝ որպես ՀՀ վարչապետ, վստահում եմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը: Այս ընթացքում բազմաթիվ քննարկումներ են եղել, թե ես՝ որպես վարչապետ, որքանով եմ վստահում ԱԱԾ-ին, այն ԱԱԾ-ին, որը գործել է նաև այն ժամանակներում, երբ ես եղել եմ ընդդիմադիր քաղաքական գործիչ, դրանից առաջ՝ քաղբանտարկյալի կարգավիճակում: Նույնիսկ այն ժամանակներում ԱԱԾ-ն՝ իր գործունեության հասկանալի նրբություններով, առնվազն գործունեության այն հատվածում, որի մասին ես կարող եմ խոսել, երբեք չի անցել այն կարմիր գծերը, որոնք ընդհանրապես կարող են գոյություն ունենալ հանրային հարաբերություններում։ Եվ ես նաև այդ պատճառով, նաև այսօր որպես ՀՀ վարչապետ վստահում եմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը, որովհետև դա նաև իմ պատկերացումն է, որ ԱԱԾ-ն չպիտի լինի որևէ իշխանության գործունեության համատեքստում տեղավորվող ծառայություն»:
ՀՀ նախագահի հրամանագրերով և վարչապետի որոշումներով ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար ԱԱԾ մի շարք աշխատակիցներ արժանացան պետական պարգևների, շնորհակալագրերի և հուշամեդալների: Ն. Փաշինյանի կողմից երջանակահիշատակ հետախույզ Գոհար Վարդանյանն անվտանգության մարմիններում երկարամյա գործունեության, հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար հետմահու պարգևատրվեց Պատվո շքանշանով:
Մասնագիտական տոնի առթիվ ԱԱԾ աշխատակիցներին շնորհավորեցին և գերատեսչական պարգևներ փոխանցեցին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Արցախի ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:
ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամաններով համակարգի մի շարք աշխատակիցներ ևս պարգևատրվեցին մեդալներով, կրծքանշաններով և պատվոգրերով։