ՀՀ ԱԱԾ տնօրենը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային
ԱԱԾ հաղորդագրություններ
20-07-2018
Հուլիսի 20-ին ԱԱԾ վարչական շենքի ընդունելության սրահում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:
Ողջույնի խոսքից հետո ԱԱԾ տնօրեն Ա.Վանեցյանն իր ցավակցությունը հայտնեց դեսպան Յամադային՝ վերջերս Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղների զոհերի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում տնօրենը պատրաստակամություն հայտնեց տեղեկատվության և փորձի փոխանակման հարցի շուրջ համագործակցել Ճապոնիայի հատուկ ծառայությունների հետ: Արծարծվեց նաև հատուկ ծառայությունների համար նախատեսված ճապոնական հատուկ տեխնիկայի ձեռքբերման հարցը: ԱԱԾ տնօրենը հույս հայտնեց, որ հանդիպումն ամուր հիմք կհանդիսանա Հայաստանի և Ճապոնիայի հատուկ ծառայությունների միջև համագործակցության և փոխգործակցության համար՝ ի նպաստ երկու պետությունների շահերի:
Դեսպան Յամադան ընդգծեց, որ մեր երկիրը ահաբեկչական սպառնալիքների և հանցավորության այլ դրսևորումների տեսանկյունից համարում է անվտանգ, ինչը նրա գնահատմամբ, ՀՀ ԱԱԾ համակարգի արդյունավետ աշխատանքի արդյունքն է: ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը նաև նշեց, որ ճապոնացի զբոսաշրջիկների ներկայությունը Հայաստանում վկայում է երկրի անվտանգ լինելու մասին:
Դեսպան Յամադան նաև պատրաստակամություն հայտնեց աջակցել ՀՀ ԱԱԾ և Ճապոնիայի իրավապահ մարմինների միջև համագործակցությանը:
Հանդիպման վերջում դեսպանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: