Բացահայտվել է ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական էժանագին քարոզչության չհաջողված փորձը
ԱԱԾ հաղորդագրություններ
29-02-2020
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, շարունակում է բացահայտել համացանցում՝ պետության, հասարակության և անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող և տարածող կեղծ օգտատերերին:
Մասնավորապես՝ ս.թ. փետրվարի 26-ին «Գոռ Մադիգ Գրիգորյան» տվյալներով օգտատիրոջ ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որ իբրև Ադրբեջանի քաղաքացիներն անարգել շրջում են Երևանում և իրականացնում տեսանկարահանումներ, իսկ Հայաստանի հատուկ ծառայություններն անգործության են մատնված:
Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ տարածված տեսանյութը մոնտաժման արդյունք է: Նշված տեսանյութի չմոնտաժված իրական տարբերակի հեղինակը մի կին է, ով համացանցում և սոցիալական ցանցերում է այն տեղադրել դեռևս 2018թ. սկզբներին, որում նա հայերեն լեզվով պատմել է Երևանում նորաբաց «Ռիո մոլ» առևտրի կենտրոնի գործունեության մասին: Դրա մասին են վկայում նաև «Ռիո մոլ» առևտրի կենտրոնի պատին ամրացված էկրանի գովազդային նյութերը, որոնք տեղադրված են եղել հենց նշված ժամանակահատվածում: Պարզվել է նաև, որ մոնտաժված տարբերակում վերոնշյալ տեսագրությանը կցվել է նախապես պատրաստված ձայնագրություն:
Միևնույն ժամանակ, ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Գոռ Մադիգ Գրիգորյան» ֆեյսբուքյան օգտատիրոջը տեսանյութը տրամադրել է վերջինիս ֆեյսբուքյան օգտատեր ընկերներից մեկը, ում այդ տեսանյութը ֆեյսբուքի միջոցով ուղարկել է Ադրբեջանում բնակվող «Давуд Гаджиев» օգտատերը: Վերջինիս IP հասցեի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տեղորոշման վայրը Բաքու քաղաքն է:
Նշված հանգամանքը մեկ անգամ ևս վկայում է, որ ադրբեջանական կողմը փորձում է կեղծ և էժանագին տեղեկությունների միջոցով խուճապ առաջացնել հայ հասարակության շրջանում: