ԱԱԾ հաղորդագրություններ
ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Գյումրի քաղաքի սպասարկող սոցիալական աջակցության տարածքային թիվ 1 և թիվ 2 բաժինների ղեկավարներ Ա.Ե.-ն և Է.Բ.-ն, իրենց ենթակա աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ տարիներ շարունակ անձամբ կամ տարբեր միջնորդների միջոցով սոցիալապես անապահով քաղաքացիներից շորթմամբ պահանջել և ստացել են ապօրինի վարձատրություններ:
2020 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, տարածքային բաժնի աշխատակից Ա.Հ-ն, սոցիալապես անապահով կամ աջակցության կարիք ունեցող քաղաքացիներից հավաքագրած հերթական 100.000 ՀՀ դրամ գումարը բաժնի պետ Ա.Ե-ին փոխանցելուց անմիջապես հետո հայտնաբերվել և բերման է ենթարկվել: Ա.Ե-ի անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի վարձատրության առարկա հանդիսացած 100.000 ՀՀ դրամ գումարը:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020 թվականի հունիսի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 312.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություննների հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր:
Քրեական գործերով ձեռնարկված լայնածավալ քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ տարիներ շարունակ՝ ընդհուպ մինչև 2020 թվականի հունիսի 30-ը, սոցիալական աջակցության տարածքային բաժինների մի խումբ աշխատակիցներ, նախնական համաձայնությամբ, գործի են դրել նախապես մշակված կոռուպցիոն սխեմա՝ այդ կերպ տիրացել պետության կողմից սոցիալապես անապահով խավին որպես օժանդակություն տրված գումարներին, կամ ապօրինի վարձատրության դիմաց դրանք հատկացրել են կարիքը չունեցող կամ ոչ անապահով ընտանիքներին։
Նախաքննությամբ պարզվել է, որ սոցիալական աջակցության հիշյալ բաժինների աշխատակիցները, յուրաքանչյուր փաստագրման ժամանակ իրենց տարածքային բաժնում հաշվառված նպաստառու ընտանիքներից պահանջել և ստացել են 30,000-60,000-ական ՀՀ դրամ ապօրինի վարձատրություններ, որոնց մի մասը պահել են իրենց, իսկ մյուս մասը փոխանցել են ղեկավարներին:
Նույն կերպ, անապահով քաղաքացիներին սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկելու համար, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողները քաղաքացիներից ստացել են հատկացվելիք 3 ամսվա համար նախատեսված գումարներից մեկ ամսվա 18.000 ՀՀ դրամը, որից 10,000-ը փոխանցել են բաժնի պետին, իսկ 8000-ը պահել են իրենց:
Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել մի քանի տասնյակ աշխատակիցների բնակարաններում և աշխատասենյակներում, որոնց արդյունքում հայտնաբերվել են սոցիալական աջակցություն ստանալու համար հանրային ծառայողներին ապօրինի վարձատրություններ տրամադրած քաղաքացիների տվյալներ պարունակող ձեռագիր գրառումներով նոթատետրեր, քաղաքացիներից հավաքագրված, ապօրինի վարձատրության առարկա հանդիսացող թղթադրամներ, սոցիալական աջակցություն ստացող անձանց անձնական տվյալներ և հեռախոսահամարներ պարունակող գրառումներ:
Հայտնաբերվել և հարցաքննվել են ապօրինի վարձատրություններ տրամադրած մի շարք քաղաքացիներ, ովքեր ընդունել են ամիսներ կամ տարիներ շարունակ նպաստներ ստանալու կամ համապատասխան աջակցության ծրագրերում ներգրավելու դիմաց սոցիալական աջակցության տարածքային բաժինների ղեկավարներին կամ նրանց աշխատակիցներին ապօրինի վարձատրություններ տալու հանգամանքը, նշել յուրաքանչյուր անգամ տված գումարի չափը:
Ընդ որում, քաղաքացիներն իրենց ցուցմունքներով հայտնել են, որ գումարների հավաքագրումը կրել է մասսայական բնույթ և առանց այդ ապօրինի վարձատրությունների՝ իրենք, նույնիսկ օրինական կարգով, չէին կարող նպաստ ստանալ կամ ընդգրկվել իրենց համար հասանելի սոցիալական աջակցության ծրագրերում:
Նախաքննության ընթացքում հանցանքի կատարման անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են սոցիալական աջակցության տարածքային բաժնի թվով վեց աշխատակիցներ, այդ թվում՝ բաժնի պետը և գլխավոր մասնագետները։ Մեկ տասնյակից ավել աշխատակիցների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Քրեական գործերով որպես կասկածյալ ներգրավված անձանց՝ աշխատակիցների մեծ մասը, անհերքելի փաստական տվյալների ճնշման ներքո, տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ և նկարագրել տարիներ շարունակ իրենց տարածքային բաժնում գործադրված կոռուպցիոն մեխանիզմի մանրամասները, ապօրինի վարձատրություններ պահանջած քաղաքացիների անձնական տվյալները, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների ամսական չափը և այդ գումարների տնօրինման ու բաշխման եղանակները:
Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ ու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցանքի կատարմանը ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, ապօրինի վարձատրություններ տրամադրած մյուս քաղաքացիների ինքնությունը ճշտելու, պետությանը պատճառված վնասի իրական չափը պարզելու համար:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում հանրային ծառայողների կողմից ապօրինի վարձատրություններ պահանջելու, ստանալու և այլ ապօրինի գործողությունների դեպքում անհապաղ իրազեկել իրավապահ մարմիններին:
Միաժամանակ հայտնվում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 312.1 հոդվածի համաձայն՝ ապօրինի վարձատրություն տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել ապօրինի վարձատրության շորթում, և անձը մինչև ապօրինի վարձատրություն տալու մասին, քրեական հետապնդման մարմիններին հայտնի դառնալը, բայց հանցանքի կատարումից հետո՝ ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հասցե՝ Երևան, 0001, Նալբանդյան փողոց 104
Հեռախոս +37410 563515
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ ta@sns.am-ին։
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։