Մեղադրանք է առաջադրվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող (օրենքով գող) Ա.Ղ.-ին
ԱԱԾ հաղորդագրություններ
31-08-2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում մեղադրանք է առաջադրվել Ա.Ղ.-ին: Նա, հանդիսանալով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ և գտնվելով կալանքի տակ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում, նույն գործով մյուս ամբաստանյալ՝ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավոր Կ. Ս.-ի օժանդակությամբ, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջները, ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավոր Ն. Ե.-ից անձնական օգտագործման նպատակով ապօրինի ձեռք է բերել, պահել և փոխադրել է թմրամիջոցներ:
Մասնավորապես՝ Ա. Ղ.-ն, գտնվելով կալանքի տակ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում, 2019 թ. հունիսին համաձայնության է եկել ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավոր Կ. Ս.-ի հետ «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավոր Ն. Ե.-ից խոշոր չափերով «մեթադոն» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահաբեր և «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցներ ձեռք բերելու հարցում իրեն օժանդակելու շուրջ: Այնուհետև, Կ. Ս.-ն 2019 թ. հունիսի 7-ին ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավոր Ն. Ե.-ից ստացել է խոշոր չափի՝ ընդհանուր 0,3192 գրամ քաշով «մեթադոն» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահատեր և մանր չափի՝ 0,31 գրամ քաշով «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց՝ Ա. Ղ.-ին ապօրինի փոխանցելու համար: Կ. Ս.-ն, հիշյալ թմրամիջոցներն իր մոտ թաքցրած, նույն օրը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու նստավայրում կայացած դատական նիստին մասնակցելու նպատակով տեղափոխվել է դատարան, որտեղ թմրամիջոցներն ապօրինի փոխանցել է Ա. Ղ.-ին։ Վերջինս, նշված թմրամիջոցները վարտիքի մեջ թաքցնելով, իր հետ տեղափոխել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, որտեղ դրանք հայտնաբերվել են անձնական խուզարկության արդյունքում:
Նույն քրեական գործի շրջանակներում խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռք բերման օժանդակության համար մեղադրանք է առաջադրվել նաև Կ.Ս-ին: Ձեռնարկվում են ակտիվ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերին առնչված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, ինչպես նաև թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը խափանելու, կանխելու և չեզոքացնելու ուղղությամբ: