ՀՀ ազգային անվտանգության ծառայություն ստացված տեղեկությունների համաձայն, Արցախի Հանրապետության բջջային ցանցի՝ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից անհայտ ճանապարհով ձեռք բերված 097-77-72-70 հեռախոսահամարի օգտագործմամբ կատարվում են զանգեր՝ հայ ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով։
Միաժամանակ, շրջանառվում է նաև ձայնային հաղորդագրություն՝ կեղծ լուրեր տարածելով Արցախի Հանրապետությունում տիրող իրավիճակի, գաղտնի քարտեզներ անհետանալու, զոհերի և տեղի բնակչության փախուստի վերաբերյալ:
Բացի այդ, հիշյալ հեռախոսահամարից, ոչ գրագետ հայերենով, հաղորդագրություններ են ուղարկվել բաժանորդներին և Ազգային անվտանգության ծառայության անունից խնդրել ցանկացած կասկածելի երևույթ նկատելու դեպքում զանգահարել այդ հեռախոսահամարով։
Ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է տուրք չտալ նմանատիպ երևույթներին, չպատասխանել նման կասկածելի հեռախոսազանգերի և հաղորդագրությունների: