ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱԱԾ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐ (տեսանյութ)
ԱԱԾ հաղորդագրություններ
25-10-2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Մ. Համբարձումյանն այցելել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքեր և հանդիպում ունեցել սահմանապահների հետ:
Հանդիպումը մեկնարկել է ընթացող մարտական գործողություններում հավերժ հերոսացած սահմանապահներին հարգանքի տուրք մատուցելու նպատակով հայտարարված լռության րոպեով:
Այնուհետև Մ. Համբարձումյանը, ողջունելով ներկաներին, իր խոսքում անդրադարձել է թուրքա-ադրբեջանա-ահաբեկչական դաշինքի կողմից սանձազերծված ռազմական գործողություններում սահմանապահների մասնակցության կարևորություններին և ընդգծել վերջիններիս կողմից ծառայողական պարտականություններն ամենայն կարգապահությամբ ու արդյունավետորեն իրականացնելու հրամայականը՝ շեշտելով, որ այդ ասպարեզում յուրաքանչյուր թերացում ունենալու է իր համապատասխան հետևանքները:
Հանդիպման ընթացքում հնչեցվել են նաև այս օրերին անձնվիրաբար ծառայող այն սահմանապահների անունները, ովքեր լավագույն օրինակ են ինչպես ծառայակիցների, այնպես էլ հանրության լայն շերտերի համար:
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վ. Սարգսյանը ներկայացրել է մինչ այս պահն իրականացված աշխատանքների հիմնական ուղղությունները, ինչպես նաև փոխանցել մարտական առաջադրանքները պատշաճ և համակողմանիորեն կատարելուն ուղղված՝ սահմանապահների պատրաստակամությունը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Մ. Համբարձումյանն ընդգծել է հայրենիքի պաշտպանության վեհ առաքելությունն անվերապահորեն կատարելու առաջնահերթությունները և փաստել, որ հատկապես ներկա պահին է անհրաժեշտ ցուցաբերել առավելագույն կամք, նվիրում ու անսահման հայրենասիրություն՝ հանուն հաղթական հաջողությունների:
Հանդիպման ավարտին Մ. Համբարձումյանն անցկացրել է նաև աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալներ Ս. Մելքոնյանը, Ա. Հակոբյանը և պաշտոնատար այլ անձինք: