ԱԱԾ հաղորդագրություններ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ ՀՀ Արագածոտնի նախկին մարզպետի, նրա եղբոր՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավորի և Կաքավաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու, ինչպես նաև նախնական համաձայնությամբ, խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների հափշտակություն կատարելու վերաբերյալ:
Մասնավորապես՝ Ս.Ս.-ն ՀՀ նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի՝ «ՀՀ մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի համաձայն, ՀՀ կառավարության 2009թ. մայիսի 29-ի թիվ 573-Ա որոշմամբ նշանակված լինելով որպես ՀՀ Արագածոտնի մարզպետ և հանդիսանալով գործադիր իշխանության ներկայացուցիչ, օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում լիազորված լինելով ապահովել Հայաստանի Հանրապետության օրենքների, Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների, ինչպես նաև այլ նորմատիվ իրավական ակտերի կատարումը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն իրականացնել մարզի տարածքում հողաշինարարության, հողօգտագործման և հողի պահպանման նկատմամբ, կանխել, կասեցնել և վերացնել ապօրինի հողօգտագործումը, մշտապես հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, ի պաշտոնե տեղյակ լինելով Հյուսիս-հարավ միջանցքի շինարարության իրականացման ծրագրի մասին, որն անցնելու է նաև Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհով, այդ թվում՝ նաև Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքի վարչական տարածքով, անտեսելով ՀՀ կառավարության 2009թ. օգոստոսի 6-ի թիվ 968-Ա որոշման պահանջները, այն է՝ «Հյուսիս-հարավ միջանցքի շինարարության իրականացման նպատակով՝ հանձնարարել ՀՀ համապատասխան մարզպետներին և առաջարկել համայնքի ղեկավարներին կասեցնել Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման և միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և օտարման շերտերում շինարարության իրականացման և հողահատկացման գործընթացը», նախնական համաձայնության գալով տվյալ ժամանակ տեղական ինքնակառավարման մարմնում՝ Կաքավաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ս.Մ.-ի և եղբոր Ն.Ս.-ի հետ, խաբեության՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխման եղանակով դրա կադաստրային արժեքը արհեստականորեն բարձրացնելու և հետագայում նույն հողամասը պետությանը զգալիորեն բարձր գնով վաճառելու նպատակով, խեղաթյուրելով Ն.Ս.-ի կողմից դեռևս 2005թ. Կաքավաձոր համայնքից աճուրդ-վաճառքով 35.200 ՀՀ դրամով գնված 7800մ2 մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքի գործառնական նշանակության տեսակը, նպատակ ունենալով նշված հողատարածքն անհամեմատ բարձր գներով վաճառելու ՀՀ-ի անունից հանդես եկող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» ՊՈԱԿ-ին, իր գիտությամբ և հովանավորչությամբ թույլատրել է եղբորը՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ն.Ս.-ին 2009թ. օգոստոսի 6-ից հետո իրականացնել ապօրինի շինարարական աշխատանքներ, նշված գյուղատնտեսական նշանակության հողատարածքի վրա կառուցել ինքնակամ շինություններ, ապա ի պաշտոնե ազդելով համայնքի ղեկավարի վրա, դրդել է վերջինիս չարաշահել պաշտոնեական լիազորությունները, մասնավորապես՝ խախտել ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն «Ինքնակամ կառուցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» որոշման պահանջները, առանց սահմանված կարգով կազմված ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագծի, համաձայնեցված իրադրության հատակագծի, 2010 թվականի հունվարի 22-ի համապատասխան որոշմամբ օրինական ճանաչել կառուցված 683,8 քմ մակերեսով ինքնակամ շինությունները, օրինական ճանաչված հասարակական շինության զբաղեցրած 0,78 հա հողատարածքի նպատակային նշանակությունը փոխել և դարձնել հասարակական կառուցապատման, ինչպես նաև որոշման մեջ կեղծ տեղեկություններ ներառել այն մասին, որ ինքնակամ կառուցված շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման անվտանգության գոտիներում, որը հիմք է հանդիսացել պետական գրանցման համար:
Այնուհետև, շարունակելով իր հանցավոր մտադրության իրականացումը, Ս.Ս.-ն եղբորը համասեփականությամբ պատկանող հողատարածքը ներառելով ՀՀ կառավարության 2010թ. մայիսի 27-ի թիվ 931-Ն որոշմամբ սահմանված «Հյուսիս-հարավ միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում ՀՀ վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» օտարման ենթակա տարածքների ցանկում, իրական հնարավորություն է ստեղծել այն ձեռք բերված արժեքը զգալիորեն գերազանցող գումարով վաճառելու և այդ կերպ խարդախությամբ պետական միջոցներից հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարները հափշտակելու մտադրությունն իրագործելու համար, ինչից օգտվելով Ն.Ս.-ն 2013թ. դեկտեմբերի 3-ին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» ՊՈԱԿ-ի հետ կնքել է հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման վերաբերյալ պայմանագիր, որի արդյունքում 35.200 ՀՀ դրամ աճուրդ-վաճառքով գնված հողատարածքը վաճառվել է 139.923.733 ՀՀ դրամով՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի՝ 139.888.533 ՀՀ դրամի չափով գումարը:
Պաշտոնատար անձանց և համայնքապետարանի աշխատակիցների նշված գործողությունների հետևանքով ոչ միայն խաթարվել է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեությունը, այլև չեն ապահովվել կառավարության որոշման պահանջների կատարումը, որպիսի գործընթացները իրականցվել են ՀՀ օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով, որը պետության համար առաջացրել է ծանր հետևանքներ, այն է՝ կադաստրային արժեքի համեմատ առանձնապես խոշոր չափերի 139.888.533 ՀՀ դրամ ավել գումարի չափով գույքային վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Կատարած հանցավոր արարքների համար Ս.Ս.-ին և Ն.Ս.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
Նույն գործի շրջանակներում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու կասկածանքով հարցաքննվել է նաև Կաքավաձոր համայնքի ղեկավարը, ով տվել է խոստովանական ցուցմունքներ:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում Ն.Ս.-ի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգարվվել են սեփականության իրավունքի գրանցման բազմաթիվ վկայագրեր:
Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի արարքն անհատականացնելու և պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հասցե՝ Երևան, 0001, Նալբանդյան փողոց 104
Հեռախոս +37410 563515
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ ta@sns.am-ին։
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։