ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՀՀ ԱԱԾ ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԵՎ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՄԻՋԵՎ
ԱԱԾ հաղորդագրություններ
19-02-2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենքում ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի միջև ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր:
Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի պետ, գեներալ-մայոր Հովհաննես Կարումյանը և Ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը:
Հուշագրի հիմնական նպատակն է սահմանել ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի միջև համագործակցության ուղղությունները, ինչպես նաև կանոնակարգել նախատեսվող համատեղ միջոցառումները:
Ըստ հուշագրի՝ կողմերի միջև համագործակցությունը կծավալվի նորմատիվ իրավական ակտերի նախագծերի իրավական փորձաքննության, վերլուծության և դրանց վերաբերյալ գիտականորեն հիմնավորված խորհրդատվական եզրակացությունների տրամադրման, գիտական հետազոտությունների թեմատիկայի համատեղ մշակման և իրականացման, մասնագետների փոխադարձ ներգրավման և մի շարք այլ ուղղություններով: Նախատեսվող փոխգործակցության առաջնահերթություններ են համարվելու Կրթահամալիրի և Գիտաուսումնական կենտրոնի կրթական և գիտագործնական հետազոտական աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև պահանջվող տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ ունեցող աշխատակիցներ պատրաստելու ուղղությամբ առկա փորձի փոխանակման անհրաժեշտությունը:
ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի՝ տարիներ շարունակ կուտակած գիտակրթական փորձառության համադրումն էական նշանակություն կունենա երկու կառույցների գործունեության, հանցավորության առանձին տեսակների դեմ պայքարի ուղղությամբ նոր լուծումներ որոնելու, ոլորտները կարգավորող օրենսդրությունների արդիականացման, աշխատակիցների մասնագիտական գիտելիքների հետագա կատարելագործման համար: