Տեսանկարահանել և փորձել է առանձնապես խոշոր չափերի գումար շորթել
ԱԱԾ հաղորդագրություններ
04-10-2018
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում ՀՀ քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ դստեր մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով Երևան քաղաքում բնակվող երիտասարդ անձն իրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերով գումար:
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` շորթումը կատարող անձը, տևական ժամանակ կապի մեջ գտնվելով տուժողի հետ, վերջինիս իմացությամբ տեսանկարահանել է իրենց շփումների առանձին դրվագներ, որից հետո կապ է հաստատել ընկերուհու մոր հետ և նրանից պահանջել 6 մլն ՀՀ դրամ`սպառնալով դստեր մասին արատավորող տեղեկություններ պարունակող տեսագրությունները հրապարակել համացանցում:
Պահանջված գումարի մի մասը ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո փոխանցվել է նշված անձին, որից անմիջապես հետո նա բերման է ենթարկվել:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով /առանձնապես խոշոր չափերի շորթումը/: Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: