Բացահայտվել է ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք (տեսանյութ)
ԱԱԾ հաղորդագրություններ
02-08-2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արարատի մարզային վարչության ու տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակիցների կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության գլխավոր հարկային տեսուչներ Տ. Ա-ն և Վ. Ա-ն, նախնական համաձայնության գալով իրար հետ, օգտվելով այն հանգամանքից, որ իրենց լիազորություններն իրականացնելիս անհատ ձեռնարկատեր Ս.Գ-ի՝ Մասիս քաղաքում գործող խանութում հայտնաբերել են հսկիչ-դրամարկղային կտրոն չտրամադրելու դեպք, 2021 թվականի հուլիսի 16-ին այցելել են վերջինի խանութ և տնտեսվարողի կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումները հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով չարձանագրելու համար նրանից անձամբ պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ 1,500,000 ՀՀ դրամ կաշառք: Չհամաձայնելու դեպքում տեսուչները սպառնացել են վնաս պատճառել տնտեսվարողի իրավունքներին և օրինական շահերին, այն է՝ ձեռնարկել քրեական գործ հարուցելուն, քրեական հետապնդում իրականացնելուն և արդյունքում վերջինին քրեական պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործողություններ, որից հետո նա հարկադրված խոստացել է կաշառք տալ պաշտոնատար անձանց:
Իրականացնելով իրենց հանցավոր դիտավորությունը` հիշյալ հարկային տեսուչները, գտնվելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների տեսադաշտում, 2021 թվականի հուլիսի 30-ին տնտեսվարողից շորթմամբ ստացել են պահանջված գումարից 1,200,000 ՀՀ դրամ կաշառքը, որից հետո տեղում բռնվել և բերման են ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն: Տեսուչներից մեկի մոտ հայտնաբերվել և վերցվել է հատուկ քիմիական նյութով մշակված և ուլտրամանուշակագույն լույսի ներքո «կաշառք» գրառումով լուսարձակող 1,200,000 ՀՀ դրամ կաշառքի առարկան:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում հիշյալ պաշտոնատար անձինք առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով նույն օրը ձերբակալվել են: Քրեական գործով ձեռքբերված ապացույցների բավարար համակցության պայմաններում, նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու համար և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ պաշտոնատար անձանց կողմից կատարված այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Ազգային անվտանգության ծառայությունը շարունակելու է ձեռնարկել համանման միջոցառումներ՝ հանրային տարբեր բնագավառներում առկա կոռուպցիոն դրսևորումներն արմատախիլ անելու ուղղությամբ և հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին իրենց գործունեությունը ծավալել բացառապես օրինական դաշտում, զերծ մնալ կոռուպցիոն դրսևորումներից, իսկ պաշտոնատար անձնանց կողմից կաշառք պահանջելու յուրաքանչյուր դեպքում այդ մասին անհապաղ հայտնել իրավապահ մարմիններին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: