Բացահայտվել է թմրամիջոցների առանձնապես խոշոր չափերով մաքսանենգության և իրացնելու նպատակով թմրամիջոցներ ձեռք բերելու դեպք (տեսանյութ)
ԱԱԾ հաղորդագրություններ
07-09-2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացին ՀՀ-ում իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 221,08 գրամ «Կոկաին» տեսակի թմրամիջոց, որը 2021 թվականի սեպտեմբերի 3-ին, քողարկված ձևով պահելով իր մոտ, Նիցա-Փարիզ-Երևան ավիաչվերթով մաքսանենգությամբ տեղափոխել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մաքսային հսկողության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել և վերցվել է իրացնելու նպատակով ապօրինի պահվող առանձնապես խոշոր չափերի հիշյալ թմրամիջոցը:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա հիշյալ անձնավորությունը ձերբակալվել է, իսկ հետագայում նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք թմրամիջոցների ապօրինի ներմուծման սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:
Ծանուցում.ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: