Բացահայտվել է պետական դավաճանության ևս մեկ դեպք (տեսանյութ)
ԱԱԾ հաղորդագրություններ
18-10-2022
ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողները, շարունակելով հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ իրենց գործունեությունը, համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են պետական դավաճանության հերթական դեպքը:
Պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային նռնականետորդ Վ.Հ-ն, ծառայության բերումով առնչվելով պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ, 2021 թվականի նոյեմբերին «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակից հանդիսացող, պայմանական անունով հանդես եկող անձի հետ և հավաքագրվելով վերջինիս կողմից՝ վարձատրության դիմաց իր բջջային հեռախոսի «Վոթսափ» հավելվածի միջոցով 2021 թվականի նոյեմբերից մինչև 2022 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում հավաքել և հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել իր զորամասի տեղակայման վայրի, մարտական դիրքերի, դրանցում ծառայության անցկացման կարգի, զորամասի հաշվեկշռում գտնվող ավտոտեխնիկայի վերաբերյալ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, որոնց դիմաց օտարերկրյա հատուկ ծառայություններից երեք բանկային փոխանցումներով ստացել է 370 ԱՄՆ դոլար գումար՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հիշյալ պայմանագրային զինծառայողին ներկայացվել է մեղադրանք, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: