ԱՊՀ սահմանապահ գերատեսչությունների պատվիրակությունները քննարկեցին ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
ԱԱԾ հաղորդագրություններ
03-12-2018
Նոյեմբերի 28-ից 30-ը, համաձայն ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի և համակարգող ծառայության 2018թ. միջոցառումների պլանի, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչությունում տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ գերատեսչությունների ղեկավարների թիկունքի և սպառազինության գծով տեղակալների աշխատանքային հանդիպում: Հանդիպմանը մասնակցեցին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի Հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության և ՍԶՀԽ Համակարգող ծառայության ներկայացուցիչները: ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար գնդապետ Վաղինակ Սարգսյանը ողջույնի խոսք հղեց հանդիպման մասնակիցներին և մաղթեց արդյունավետ աշխատանք:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ գերատեսչությունների ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները և նյութատեխնիկական ապահովման արդիական հարցերը: Աշխատանքային հանդիպման շրջանակներում կայացան երկկողմ և բազմակողմ խորհրդատվություններ, սահմանապահ գերատեսչությունների ներկայացուցիչների փորձի փոխանակում՝ նյութատեխնիկական ապահովման կատարելագործման հարցերի վերաբերյալ, ուսումնասիրվեցին ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունները՝ ի շահ ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին սահմանների պահպանության:
Հանդիպման արդյունքում ստորագրվեց արձանագրություն:
Հանդիպման մասնակիցներն այցելեցին Ցեղասպանության թանգարան և հուշահամալիր՝ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը: