2023թ. հունվար-մարտ ամիսներին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրավասու այլ մարմիններին սկզբնական տեղեկատվություն փոխանցելու, ինչպես նաև նախաձեռնված քրեական վարույթների շարժի վերաբերյալ
Հաշվետու ժամանակահատվածում օրենքով վերապահված գործառույթների իրականացման արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական իրավասու տարբեր մարմիններին փոխանցվել է 287 նյութ, որոնց հիման վրա նախաձեռնվել է 98 քրեական վարույթ։
Տնտեսական ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 66 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 19-ը՝ պաշտոնեական դիրքի չարաշահումների և յուրացումների, 33-ը՝ տնտեսական գործունեության զանազան խախտումների, այդ թվում՝ մաքսանենգ կամ կեղծ ապրանքագրերով ներմուծումների, ինչպես նաև հարկերից և տուրքերից խուսափումների, 10-ը՝ աշխատավարձի տրամադրում իրականում չաշխատող անձի, 4-ը՝ փոխհատուցման անօրինական տրամադրումների մասին։
Թմրանյութերի և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 23 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 17-ը՝ թմրանյութերի և հոգեմետ նյութերի մաքսանենգ ներմուծման, կամ իրացման, 6-ը՝ թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի անօրինական օգտագործման վերաբերյալ։
Նշված ժամանակաշրջանում ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչության քննիչների վարույթում եղել են 524 քրեական վարույթներ, որոնցից վարչության քննիչների կողմից նախաձեռնվել է 140 քրեական վարույթ, 39 քրեական վարույթ ստացվել է այլ մարմիններից, վերսկսվել է 53 քրեական վարույթ, իսկ թվով 292 քրեական վարույթ փոխանցվել է 2022 թվականից:
Հաշվետու ժամանակաշրջանում քննչական գլխավոր վարչության վարույթում քննված քրեական վարույթներից դատարան է ուղարկվել 30 քրեական վարույթ` 46 անձանց նկատմամբ, կարճվել է 18-ը, 143 քրեական վարույթ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, 35 քրեական վարույթ միացվել է վարչությունում քննվող այլ քրեական վարույթների, 298 քրեական վարույթների նախաքննությունը շարունակվել է:
Հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված և քննված քրեական վարույթներով, ըստ նախնական գնահատման, հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 10.739.734.946 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված նախնական վնասի չափը կազմել է 10.694.183.325 ՀՀ դրամ, իրավաբանական անձանցը` 38.591.621 ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանցը` 6.960.000 ՀՀ դրամ:
Ընդ որում, նշվածներից նախաքննության փուլում վերականգնվել է պետությանը պատճառած վնասից 43.036.149 ՀՀ դրամը: