Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
ԱԱԾ հաղորդագրություններ
14-07-2023
2023թ. հուլիսի 13-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ա.Աբազյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին բացի հանձնաժողովի անդամներից ներկա էին Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն, անհայտ կորած անձանց ընտանիքների շահերը ներկայացնող մի խումբ ծնողներ և հարազատներ:
Նիստի ընթացքում հանձնաժողովը հավանություն տվեց Անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց, գերիների վերաբերյալ հայեցակարգին, քննարկվեցին անհայտ կորելու հանգամանքների շուրջ տարվող քննության արդյունքները, տուժողների, ինչպես նաև ԴՆԹ նույնականացում ունեցող անձանց հետ տարվող աշխատանքները:
Հանձնաժողովի անդամները ներկայացրին իրենց կատարած աշխատանքները, ինչպես նաև պատասխանեցին ծնողների, հարազատների կողմից բարձրացված հարցերին, որոնք վերաբերվում էին բռնի անհետացած անձանց ճակատագրին, միջազգային ատյաններում նրանց դեպքերը պատշաճ ներկայացնելու կարևորությանը, կատարվելիք աշխատանքներին, անհայտ կորելու հանգամանքների շուրջ ՀՀ քննչական կոմիտեի կողմից կատարվող քննությանը, ծնողների ներգրավվածությանը գործընթացին, ԴՆԹ նույնականացում ունեցող անձանց հետ կապված խնդիրներին:
Առանձին հարցեր հանգամանալից քննարկելու նպատակով նիստի ընթացքում ձեռք բերվեցին պայմանավորվածություններ հանձնաժողովի առանձին անդամների և ծնողների խմբի միջև աշխատանքային կարգով հանդիպումներ անցկացնելու վերաբերյալ, որոնց արդյունքները պետք է ներկայացվեն հանձնաժողովին: