ԱԱԾ հաղորդագրություններ
Դեկտեմբերի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ Հայաստանի ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, որին մասնակցեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Բացման խոսքով հանդես եկավ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Աբազյանը, ով շնորհավորեց Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ և ներկայացրեց 2023 թվականի ընթացքում հիմնական ուղղություններով կատարված աշխատանքի արդյունքները, միաժամանակ մատնանշեց, որ կատարելագործվել, բարեկարգվել և տեխնիկապես վերազինվել են սահմանապահ ուղեկալները, ինչպես նաև կառուցվել, կահավորվել և շահագործման են հանձնվել ծառայողական բնակարանները:
«Ծառայությունում աշխատանքներ են տարվում նաև կադրերի հատուկ պատրաստության, վերապատրաստման և որակավորման բարձրացման գործընթացի շարունակական զարգացման ուղղությամբ: 2023 թվականից անցկացվում է զինծառայողների ատեստավորման գործընթաց, որի արդյունքում զինծառայողները հնարավորություն են ստացել բարելավելու իրենց մասնագիտական գիտելիքները, ինչպես նաև՝ նյութական վիճակը», - ասաց Ա․ Աբազյանը:
Ամփոփելով 2023թ․ ընթացքում Ազգային անվտանգության մարմինների հիմնական ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքները՝ Արմեն Աբազյանը փաստեց, որ Ծառայության ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում են նաև առկա խնդիրներն ու բացթողումները, որոնք վերացնելու ուղղությամբ իրականացվում են ամենօրյա հետևողական աշխատանք:
Մասնագիտական տոնի կապակցությամբ Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներին շնորհավորեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով շնորհակալություն հայտնեց Ծառայության աշխատակիցներին աշխատանքի որակը շարունակաբար բարձրացնելու վճռականության համար: «Ծառայության աշխատանքը շատ բարձր եմ գնահատում և, իհարկե, բոլորն են հասկանում, որ ԱԱԾ բնույթը շատ բարդ է և ԱԱԾ-ում ծառայելը հեշտ չէ: Դա նորմալ է, որ ԱԱԾ-ում ծառայելը հեշտ չէ, որովհետև այստեղ ավելի բարձր ստանդարտներ պետք է գործեն: Եվ ես կարծում եմ, որ մեր ընդհանուր ցանկությունն է, և նաև ծառայության հեղինակության, մասնագիտության հեղինակության առումով նաև դուք եք առաջին հերթին շահագրգիռ, որպեսզի ԱԱԾ-ում բոլոր ստանդարտները գնալով բարձրանան՝ մասնագիտության, բարեվարքության, պրոֆեսիոնալիզմի և այլն»:
Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, հայրենիքի անվտանգության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ մի խումբ աշխատակիցների պարգևատրեց ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Վարչապետը նշեց, որ Հանրապետության նախագահին միջնորդություն է ներկայացրել ԱԱԾ մի խումբ աշխատակիցների «Մարտական ծառայության» մեդալով պարգևատրելու մասին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց նաև, որ Հանրապետության նախագահի հրամանագրով ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Աբազյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, իսկ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին` գեներալ-մայորի զինվորական կոչում:
Օրվա խորհրդին համահունչ՝ ՀՀ ԱԱԾ տնօրենը, տեղակալները, գլխավոր վարչությունների ղեկավարները և ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետը հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելիս զոհված և հերոսացած սահմանապահների հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթողներին:
Հասցե՝ Երևան, 0001, Նալբանդյան փողոց 104
Հեռախոս +37410 563515
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ ta@sns.am-ին։
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։