2023թ. ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրավասու այլ մարմիններին սկզբնական տեղեկատվություն փոխանցելու, ինչպես նաև նախաձեռնված քրեական վարույթների շարժի վերաբերյալ
Հաշվետու ժամանակահատվածում օրենքով վերապահված գործառույթների իրականացման արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական իրավասու տարբեր մարմիններին փոխանցվել է 1193 նյութ, որոնց հիման վրա նախաձեռնվել է 610 քրեական վարույթ։
Տնտեսական ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 277 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 102-ը՝ պաշտոնական դիրքի չարաշահումների և յուրացումների, 135-ը՝ տնտեսական գործունեության զանազան խախտումների, այդ թվում՝ մաքսանենգ կամ կեղծ ապրանքագրերով ներմուծումների, ինչպես նաև հարկերից և տուրքերից խուսափումների, 27-ը՝ աշխատավարձի տրամադրում իրականում չաշխատող անձի, 13-ը՝ փոխհատուցման անօրինական տրամադրումների մասին։
Թմրանյութերի և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 118 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 78-ը՝ թմրանյութերի և հոգեմետ նյութերի մաքսանենգ ներմուծման, կամ իրացման, 40-ը՝ թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի անօրինական օգտագործման վերաբերյալ։
Հաշվետու տարում ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչության քննիչների վարույթում քննվել են 1464 քրեական վարույթներ, որից Գլխավոր վարչության քննիչների կողմից նախաձեռնվել է 488 քրեական վարույթ, 51-ը անջատվել են այլ վարույթներից, 118-ը ստացվել են այլ մարմիններից, վերսկսվել է 515 քրեական վարույթ, թվով 292 քրեական վարույթ փոխանցվել է 2022 թվականից:
Հաշվետու ժամանակաշրջանում քննչական գլխավոր վարչության վարույթում քննված քրեական վարույթներից դատարան է ուղարկվել 116 վարույթ` 205 անձանց նկատմամբ, կարճվել է 83 քրեական վարույթ, 1134 քրեական վարույթ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, 131 վարույթ միացվել է ՔԳՎ-ում քննվող այլ վարույթների:
Հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված և քննված քրեական վարույթներով, ըստ նախնական գնահատման, հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 21.599.971.962ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված նախնական վնասի չափը կազմել է 16.843.507.934ՀՀ դրամ, իրավաբանական անձանցը` 1.586.361.043ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանցը` 3.170.102.985 ՀՀ դրամ:
Ընդ որում, նշվածներից նախաքննության փուլում վերականգնվել է պետությանը պատճառած վնասից 433.583.652 ՀՀ դրամը: