ՀՀ ԱԱԾ ԳՈՒԿ-ում տեղի ունեցավ ԳՈՒԿ խորհրդի որոշմամբ հրատարակված գրքերի շնորհանդեսը (լուսանկարներ)
ԳՈւԿ նորություններ
21-02-2024
ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնում տեղի ունեցավ ԳՈՒԿ խորհրդի որոշմամբ հրատարակված «Օպերատիվ-հետախուզական գործունեության հիմունքներ» վերտառությամբ իրավակիրառական ուղեցույցի շնորհանդեսը:
Աշխատությունում, հիմնվելով ՀՀ ազգային անվտանգության մարմինների կողմից իրականացվող օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում ձևավորված փորձի ու ոլորտի օրենսդրության վերլուծության վրա, ինչպես նաև լայնորեն կիրառելով դատական պրակտիկայի նյութերը, անդրադարձ է կատարվում պետության իրավապահպան գործունեության այս տեսակի իրավական ու գործնական կողմերին՝ ըստ անհրաժեշտության ներկայացնելով նաև քրեադատավարական վերափոխված օրենսդրության ոլորտին վերաբերող հիմնադրույթները:
Աշխատանքը նախատեսված է ոչ միայն օպերատիվ աշխատակիցների, այլ նաև իրավապահ համակարգի մյուս մարմինների ծառայողների և ոլորտի հիմնահարցերով հետաքրքրվող անձանց համար:
ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի խորհրդի որոշմամբ հրատարակված հաջորդ աշխատությունը՝ ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Ենգիբարյանի և ՌԴ վաստակավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Անատոլի Կուստովի հեղինակած «Կրիմինալիստիկայի գիտությունը և պրակտիկան Հայաստանում և Ռուսաստանում. մենագրություն» անվանումով երկհատոր մենագրությունն է:
Հատորյակներում ներկայացված է Հայաստանի և Ռուսաստանի ժամանակակից կրիմինալիստիկայի ներկայիս վիճակը, ինչպես նաև նորագույն ձեռքբերումները` հանցավորության դեմ պայքարի և գիտության ձևավորման գործում 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին:
Մենագրության մեջ հատուկ անդրադարձ է կատարվել նաև ՀՀ ԱԱԾ ԳՈՒԿ-ում կրիմինալիստիկայի դասավանդման պատմությանը և գործընթացի առանձնահատկություններին:
Երկհատոր մենագրության հեղինակները, հիմնվելով քննչական, փորձագիտական, դատախազական և դատական պրակտիկայի, ինչպես նաև այլ համապատասխան իրավական գրականության վերլուծության վրա, ուշադրություն են դարձրել ժամանակակից ուսմունքներին և մասնավոր տեսություններին:
Աշխատությունները նկարագրում են կրիմինալիստիկայի ժամանակակից հնարավորությունների կիրառման պրակտիկան հանցագործությունների քննության գործընթացում:
Նույն օրը ներկայացվեց նաև «Անչափահասները թմրաբիզնեսում. հանցագործությունների քննության մեթոդիկա» վերտառությամբ մենագրությունը, որտեղ համահեղինակ է նաև ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Ենգիբարյանը, ով հեղինակել է «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեպքերով օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման հիմունքներն ու առանձնահատկությունները» վերտառությամբ գլուխը:
Գրքում ներկայացված է անչափահասների մասնակցությամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ներկա վիճակը ԱՊՀ մի շարք երկրներում, ինչպես նաև այդ հանցագործությունների քննության մասնավոր մեթոդիկաները:
Աշխատանքները համալրեցին ՀՀ ԱԱԾ ԳՈՒԿ-ի գրադարանային բաց ֆոնդը: