Երդման արարողության կապակցությամբ ծնողների անունից նորակոչիկներին շնորհավորեց Նաիրա Ղազարյանը, ով իր մայրական խոսքն ուղղեց նորակոչիկներին:
«Զավակներս, որդիս մենք հպարտ ենք, որ համալրելով Հայոց բանակի շարքերը այսօրվանից դարձաք նրա երդվյալ պաշտպանները։ Հուսով ենք` փառքով կկատարեք Հայրենիքի պաշտպանի Ձեր պարտականությունը, կլինեք կարգապահ և օրինակելի զինվորներ, կկատարեք զինվորական երդման պահանջները։ Մենք՝ ծնողներս, համոզված ենք, որ դուք բարձր կպահեք Ձեր ծնողների պատիվը»,- իր խոսքում նշեց Ն.Ղազարյանը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, շնորհավորելով նորակոչիկներին, իր ելույթում նշեց. «Համոզված եմ, որ յուրաքանչյուրդ քաջ գիտակցում եք երդման կարևորությունն ու նշանակությունը զինվորականի կյանքում։ Այն ծառայողի պատվի ու արժանապատվության, Հայրենիքին անմնացորդ նվիրումի, ծառայողական պարտականությունների ազնիվ և բարեխիղճ կատարելու հիմքն է:
Վստահ եմ, որ ծառայությունը շարունակելով Սահմանապահ զորքերի տարբեր ստորաբաժանումներում` ձեր զգոնությամբ հայրենի սահմանները կդարձնեք ավելի ամուր ու անառիկ, իսկ ձեր բարեխիղճ և կարգապահ ծառայությունով կնպաստեք Հայաստանի Հանրապետության պետական սահմանների անվտանգության ապահովման վեհ առաքելությանը:
Հիշե՛ք, որ Ձեր հայրենանվեր ծառայությունը մեր հասարակության խաղաղ գոյակցության ու ստեղծագործ աշխատանքի ապահովման կարևոր երաշխիքներից է։
Շնորհավորում եմ Ձեզ այս առանձնահատուկ նշանակություն և խորհուրդ ունեցող օրվա կապակցությամբ, ցանկանում եմ անկոտրում կամք, անվտանգ ծառայություն և բարի վերադարձ Ձեր ընտանիքներ»: