Լրացավ ՀԽՍՀ ՊԱԿ-ի նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մարիուս Արամի Յուզբաշյանի ծննդյան 100-ամյակը
ԱԱԾ հաղորդագրություններ
12-04-2024
Ս․թ․ ապրիլի 3-ին լրացավ ՀԽՍՀ ՊԱԿ–ի նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մարիուս Արամի Յուզբաշյանի ծննդյան 100-ամյակը։
Մ․Յուզբաշյանը ծնվել է 1924թ․ Վրացական ԽՍՀ Բաթումի քաղաքում։ 1941թ․ տեղափոխվել է Թբիլիսի, որտեղ սովորել է ՆԳԺԿ տեղի դպրոցում։
1944-1945թթ․ Մ․Յուզբաշյանը եղել է թշնամու թիկունքում գործող պարտիզանական ջոկատներից մեկի հրամանատարի տեղակալ։ 1945թ-ից շարունակել է ծառայությունը պետանվտանգության մարմիններում մինչև 1988թ․։ Ծառայությունը սկսել է Անդրկարպատյան մարզի ՆԳԺԿ օպերլիազորի օգնականի պաշտոնում։ 1960թ․ եղել է ԳԴՀ–ում ԽՍՀՄ ՊԱԿ–ի ներկայացուցչության 3-րդ բաժնի պետի տեղակալ, 1967-1970թթ․՝ բաժնի պետ, 1972-1978թթ․՝ ԽՍՀՄ ՊԱԿ-ի 1-ին գլխավոր վարչության ստորաբաժանումներից մեկի պետի տեղակալ։
1978թ-ից ավելի քան 10 տարի Մ․ Յուզբաշյանը գլխավորել է Հայկական ԽՍՀ Պետական անվտանգության կոմիտեն։
Պարգևատրվել է «Հոկտեմբերյան հեղափոխության», «Մարտական կարմիր դրոշի», «Կարմիր աստղի» երկու, «Հայրենական պատերազմի 1-ին և 2-րդ աստիճանի», չեխոսլովակյան «Մարտական խաչ», լեհական «Պարտիզանական խաչ» շքանշաններով, «Մարտական ծառայությունների համար», «Հայրենական պատերազմի պարտիզանին 1-ին աստիճանի» և մի քանի տասնյակ խորհրդային, լեհական, գերմանական և մոնղոլական այլ մեդալներով։ 1962թ․ նրան շնորհվել է «Պետանվտանգության պատվավոր աշխատակցի» կոչում։
Զոհվել է Երևանում 1993 թվականին։