Հայաստանի անվտանգության մարմինների պատմության թանգարանը ստեղծվել է 2006 թվականին: Թանգարանի հիմնադրման նպատակը Հայաստանի անվտանգության մարմինների ձեռքբերումների և շրջադարձային իրադարձությունների մասին վկայող փաստագրական պատմական նյութերի կենտրոնացումն ու համակարգումն է, ինչպես նաև գիտական մակարդակով դրանց հետագա ուսումնասիրման համար հիմքերի ստեղծումը։ Այստեղ անցկացվում են ՀՀ ԱԱԾ նորանշանակ երիտասարդ աշխատակիցների երդման արարողությունները և խորհրդանշական տարաբնույթ այլ միջոցառումներ:
Թանգարանի ողջ ցուցադրանյութը տեղակայված է ժամանակագրական հետևյալ հերթականությամբ՝
«Հին Հայաստանում անվտանգության ապահովման գործից» թեմայով ցուցափեղկը ներկայացնում է տեղեկություններ Հին Հայաստանում անվտանգության գործառույթներ իրականացնող մարմինների վերաբերյալ՝ նշված թեմային առնչվող պատմական վկայություններ, հայ պատմագիրների աշխատություններից մեջբերումներ։ Ցուցադրված ամենահին պատմական վկայությունը Վանի թագավորության ժամանակաշրջանով թվագրվող սեպագիր արձանագրությունն է (Ք․ա․ 7-րդ դար), որը հետախուզական զեկույցի բացառիկ նմուշ է։
«Հայաստանի Առաջին Հանրապետության անվտանգության մարմինները» վերնագրով ցուցափեղկը ներկայացնում է ՀՀ հատուկ ծառայությունների, մասնավորապես` ՀՀ Զինվորական նախարարության Գլխավոր շտաբում հետախուզության և հակահետախուզության բաժանմունքի ստեղծումն ու գործունեությունը 1918-1920 թթ․։ Ցուցադրված է հարուստ փաստագրություն, որը վկայում է, որ չնայած երկրի ծանր աշխարհաքաղաքական, ֆինանսատնտեսական և ռազմական վիճակին՝ բաժանմունքի կողմից փոքրաթիվ կադրային ռեսուրսներով կատարվել է հսկայական աշխատանք և կուտակվել տարածաշրջանի անցուդարձը բազմակողմանիորեն ներկայացնող տեղեկատվական բնույթի ծավալուն պաշար։
«Խորհրդային Հայաստանի անվտանգության մարմինների ստեղծումն ու գործունեությունը» թեմայով ցուցափեղկը լուսաբանում է ՀԽՍՀ պետանվտանգության մարմինների ստեղծումն ու գործունեությունը 1920-1988 թթ․։ Ցուցադրված են արխիվային հիշարժան փաստաթղթեր, լուսանկարներ, օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքներով առգրավված հրազենի և լրտեսական գործունեությունը հավաստող միջոցների նմուշներ, ժամանակին հնչեղություն ստացած քրեական գործերի նյութեր։
«1988-1991 թթ․ ՀԽՍՀ անվտանգության մարմինների ստեղծումն ու գործունեությունը» թեմայով ցուցափեղկը ներկայացնում է Խորհրդային Հայաստանի պետանվտանգության աշխատակիցների մասնակցությունը Սպիտակի երկրաշարժից հետո փրկարարական և համակարգման աշխատանքներին, ցուցադրված են նաև Ղարաբաղյան շարժման սկզբնավորմանը և Սումգայիթի ողբերգական իրադարձություններին նվիրված փաստաթղթեր և լուսանկարներ։
«Հետախուզության և հակահետախուզության ժամանակակից պատմությունից» վերտառությամբ ցուցափեղկերը նվիրված են 1991 թ․ սեպտեմբերի 21-ի անկախության հռչակումից հետո ՀՀ ազգային անվտանգության մարմինների, մասնավորապես` հետախուզության, հակահետախուզության և ռազմական հակահետախուզության ստորաբաժանումների ձևավորմանը և գործունեությանը։ Ներկայացված է ԱԱ մարմինների աշխատակիցների մասնակցությունը Արցախյան պատերազմին։ Ցուցադրված են արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ, վերջին տասնամյակներում պետական դավաճանության, լրտեսության, ռադիոակտիվ նյութերի, կեղծ թղթադրամների ապօրինի շրջանառության և մաքսանենգության փաստերով հարուցված քրեական գործերից դիտարժան նյութեր։
«Սահմանադրական կարգը պահպանելիս» թեմայով ցուցափեղկը ներկայացնում է Սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության և օպերատիվ-մարտական գործողություններ իրականացնող «Ա» ստորաբաժանման ստեղծման և գործունեության պատմությունը։ Ցուցադրված են նշված ստորաբաժանման գործունեության արդյունքում առգրավված գործարանային և ինքնաշեն զենք-զինամթերքի նմուշներ, ուսումնավարժական պարապմունքներից լուսանկարներ։
«Սահմանապահ զորքերի պատմությունից» թեմայով ցուցափեղկում տեղադրված են Սահմանապահ զորքերի գործունեությունը լուսաբանող նյութեր, ուսումնավարժական պարապմունքները և ուսումնական կենտրոնի բացման արարողությունը ներկայացնող լուսանկարներ, սահմանապահ ուղեկալներից փոխանցված հուշանվերներ։
«Միջազգային համագործակցության նյութերից» և «Կադրերի պատրաստման և գիտաուսումնական գործունեության ժամանակակից պատմությունից» թեմայով ցուցափեղկում տեղադրված են լուսանկարներ գործընկեր հատուկ ծառայությունների հետ տարաբնույթ հանդիպումներից, ինչպես նաև ներկայացված է Գիտաուսումնական կենտրոնի ստեղծման պատմությունը։ Ցուցադրված են գերատեսչական պարգևների՝ մեդալների և կրծքանշանների նմուշներ, վերջին տարիներին համակարգի վետերանների կողմից գրված հուշագրությունների օրինակներ, նրանց կողմից թանգարանին փոխանցված անձնական իրեր։
«Հետախուզություն և հակահետախուզություն․ հայկական հետք» վերտառությամբ ցուցափեղկը նվիրված է խորհրդային տարիներին գործունեություն ծավալած հայազգի ականավոր հետախույզներին և հակահետախույզներին։ Ներկայացված են նրանց լուսանկարները, կենսագրությունները, անձնական իրերն ու փաստաթղթերը։ Առանձին անդրադարձ է կատարվել Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Գոհար Վարդանյանի գործունեությանը։ Ցուցադրված են նրանց կողմից թանգարանին նվիրված անձնական իրեր, որոնք օգտագործվել են 46-ամյա հետախուզական գործունեության տարիներին։
«Հանդիսավոր միջոցառումների և միջազգային հանդիպումների նյութերից» ցուցափեղկերում տեղադրված են հուշանվերներ, արժեքավոր իրեր, պատվոգրեր, շնորհակալագրեր և շնորհավորանքներ։
«Օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանումների պատմությունից» թեմայով ցուցափեղկում ցուցադրված են նշված ստորաբաժանումների կողմից հիմնականում խորհրդային տարիներին վերաբերող օպերատիվ-տեխնիկական՝ լուսանկարող, տեսագրող սարքեր, հեռախոսներ, ծածկագրող-վերծանող ապարատներ:
Հասցե՝ Երևան, 0001, Նալբանդյան փողոց 104
Հեռախոս +37410 563515
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ ta@sns.am-ին։
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։