ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ
Սույն կարգը սահմանում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ՀՀ քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ՝ քաղաքացիներ) ընդունելության կազմակերպումը:
Քաղաքացիների ընդունելությունը կատարվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի կամ նրա ցուցումով ՀՀ ԱԱԾ մեկ այլ պաշտոնատար անձի կողմից, որի իրավասության ոլորտում է գտնվում քննարկվող հարցի լուծումը: Ընդունելությունը կատարվում է յուրաքանչյուր ամսվա երկրորդ չորեքշաբթի օրը՝ ժամը 11:00 – 13:00:
Քաղաքացիների ընդունելությունը կատարվում է նախօրոք ներկայացված գրավոր դիմումի հիման վրա, որտեղ պետք է նշված լինի քննարկվող հարցի էությունը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է բացառապես ՀՀ ԱԱԾ գործառույթներին և խնդիրներին վերաբերվող հարցերով: Այն դեպքում, երբ դիմումում ներկայացված հարցը չի առնչվում ՀՀ ազգային անվտանգության ծառայության գործառույթներին և խնդիրներին, ընդունելություն չի կազմակերպվում, իսկ դիմումատուն ՀՀ ԱԱԾ տնօրենի աշխատակազմի կողմից գրավոր տեղեկացվում է այդ մասին:
Ընդունելության վերաբերյալ քաղաքացու դիմումը սահմանված կարգով քննարկվում է ՀՀ ԱԱԾ տնօրենի աշխատակազմում: ՀՀ ԱԱԾ տնօրենի աշխատակազմի ղեկավարը, ՀՀ ԱԱԾ տնօրենի հետ համաձայնեցնելուց հետո, նշանակում է ընդունելության օրը և ժամը, ինչի մասին գրավոր (անհրաժեշտության դեպքում նաև հեռախոսով) տեղեկացվում է դիմումատուն:
Քաղաքացիների ընդունելությունը կատարվում է դրա համար առանձնացված աշխատասենյակում (ընդունարանում), իսկ առանձնահատուկ դեպքերում ընդունելությունը կարող է տեղի ունենալ ՀՀ ԱԱԾ տնօրենի կամ այլ պաշտոնատար անձի աշխատասենյակում:
ՀՀ ԱԱԾ տնօրենի կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակ, նրա ցուցումով, կարող են ներկա գտնվել նաև ՀՀ ԱԱԾ այլ պաշտոնատար անձինք:
Ընդունելության ժամանակ քաղաքացին նշանակված օրը և ժամին պետք է ներկայանա ՀՀ ԱԱԾ ընդունարան՝ իր հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ: Ընդունարանում ՀՀ ԱԱԾ տնօրենի աշխատակազմի աշխատակիցը ստուգում է փաստաթղթերի հավաստիությունը և համեմատում տվյալ օրվա ընդունելության համապատասխան ցուցակում նշված տվյալների հետ: Այն դեպքում, երբ ընդունելությունը կատարվում է համապատասխան պաշտոնանատար անձի աշխատասենյակում, քաղաքացիները ՀՀ ԱԱԾ տնօրենի աշխատակազմի աշխատակցի կողմից սահմանված կարգով ուղեկցվում են այդ աշխատասենյակ (ընդունարան):
Պաշտոնատար անձը, ում կողմից կատարվում է ընդունելությունը, պարտավոր է ուշադիր լսել քաղաքացուն և համակողմանի քննության առնել նրա դիմումը: Եթե դիմումում բարձրացված հարցի վերաբերյալ փաստերն ու հանգամանքներն ակնհայտ են և լրացուցիչ ստուգում չեն պահանջում, ապա քաղաքացու համաձայնությամբ դիմումին կարող է տրվել բանավոր պատասխան: Մնացած դեպքերում քաղաքացուն տրվում է գրավոր պատասխան օրենքով սահմանված կարգի համաձայն:
Քաղաքացիների գրավոր դիմումների համար ՀՀ ԱԱԾ ընդունարանում տեղակայվում է համապատասխան արկղ, որից դիմումները հանվում են օրը մեկ անգամ ՀՀ ԱԱԾ տնօրենի աշխատակազմի 1-ին բաժնի դիմումների հետ տարվող աշխատանքների պատասխանատու աշխատակցի կողմից: