Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնը կազմավորվել է 2003 թվականին` 1993 թվականին ստեղծված Բարձրագույն դասընթացների բազայի վրա:
Կենտրոնն այսօր ՀՀ ազգային անվտանգության մարմինների համար կադրերի պատրաստման ժամանակակից գիտակրթական հաստատություն է, որտեղ ուսանում է ՀՀ ԱԱԾ-ում ծառայող սպայական և ենթասպայական կազմը:
ԳՈՒԿ-ն ակտիվորեն մասնակցում է օրենսդրական և այլ նորմատիվ ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման հիմնարար ուղղություններին ու բնագավառներին առնչվող հայեցակարգերի մշակմանը:
Մշտապես իրականացվում է տեսական և փորձնական գիտելիքների դասավանդում հետախուզական, հակահետախուզական, տնտեսական, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ապահովման, միջազգային ահաբեկչությանը, թմրաբիզնեսին և անդրազգային կազմակերպված հանցավորությանը հակազդելու և այլ հրատապ ուղղություններով:
Կենտրոնում դասավանդումն իրականացվում է ժամանակակից կրթական տեխնոլոգիաների կիրառմամբ: Դասախոսություններն ուղեկցվում են տեսանյութերի, սխեմատիկ ու գրաֆիկական սլայդերի ցուցադրմամբ: Միաժամանակ, նկարահանվում և դասավանդման ընթացքում օգտագործվում են նաև մասնագիտական թեմատիկ ուսումնական ֆիլմեր, որոնք ներկայացնում են օպերատիվ-հետախուզական աշխատանքի մեթոդաբանությունը և առանձնահատկությունները: Ուսումնական և թեմատիկ լսարանները վերազինված են համապատասխան տեխնիկական միջոցներով:
Մասնագիտական առարկաներից բացի դասավանդվում են նաև անգլերեն և ռուսաց լեզու: Մեծ ուշադրություն է դարձվում արտալսարանային պարապմունքներին, որոնք միտված են ունկնդիրների ընդհանուր զարգացման մակարդակի բարձրացմանը: Դասախոսություններ կարդալու համար հրավիրվում են նաև տարբեր բնագավառների վաստակաշատ մասնագետներ:
Ունկնդիրների տրամադրության տակ են ԳՈՒԿ-ի մշտապես նոր գրականությամբ համալրվող գրադարանային բաց ֆոնդը և ընթերցասրահը:
2018թ. սեպտեմբերին հաստատվել է Գիտաուսումնական կենտրոնի նոր կառուցվածքը, որն առավել լայն հնարավորություն է ընձեռում դասախոսությունների համար անհրաժեշտ մասնագետներ ներգրավել ինչպես ՀՀ ԱԱԾ` մասնագիտական բարձր որակավորում ունեցող պաշտոնաթող աշխատակիցներից, այնպես էլ հանրապետության ուսումնական տարբեր հաստատություններից:
ԳՈՒԿ-ի գործունեության կարևոր ուղղություններից է գիտամանկավարժական կադրերի պատրաստումը, որի արդյունքում խոստումնալից շատ երիտասարդ աշխատակիցներ նպատակային հայտերի հիման վրա ընդունվել են ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտների և ՀՀ պետական բուհերի ասպիրանտուրաներ, հաջողությամբ պաշտպանել են իրենց ատենախոսությունները, որոնց շնորհվել են գիտական աստիճաններ: Ուսումնական գործընթացն արդիականացնելու և առավել արդյունավետ դարձնելու նպատակով կիրառվում է գիտելիքների ստուգման և գնահատման թեստային և մոդուլային համակարգը:
Ազգային անվտանգության ապահովման բնագավառում գիտական հետազոտությունների խորացմանն ու աշխատակիցների մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն է ուղղված նաև համագործակցությունը հանրապետության գիտակրթական առաջատար հաստատությունների հետ:
2021թ. փետրվարին ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի և Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի միջև ստորագրվեց հուշագիր՝ իրավական հիմք հաղորդելով երկու կառույցների միջև իրավագիտության ոլորտում բազմակողմ համագործակցությանը:
2021թ. փետրվարին ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի միջև ստորագրվեց համագործակցության մասին հուշագիր, որի հիմնական նպատակն է սահմանել երկու հաստատությունների միջև համագործակցության ուղղությունները, ինչպե նաև կանոնակարգել նախատեսվող համատեղ միջոցառումները:
Գիտաուսումնական կենտրոնի և Կրթահամալիրի՝ տարիներ շարունակ կուտակած գիտակրթական փորձառության համադրումն էական նշանակություն կունենա երկու կառույցների գործունեության, հանցավորության առանձին տեսակների դեմ պայքարի ուղղությամբ նոր լուծումներ որոնելու, ոլորտները կարգավորող օրենսդրությունների արդիականացման համար:
Նույն թվականի մայիսին հուշագիր ստորագրվեց ՀՀ ԱԱԾ Գիտաուսումնական կենտրոնի և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի միջև:
Նախատեսվում է Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողներին ներգրավել ԳՈՒԿ-ում դասավանդվող առարկաների շրջանակներում առանձին թեմաներով դասախոսություններին, ինչպես
նաև Կենտրոնի աշխատակիցներին ընդգրկել Ինստիտուտում ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ընդունելության, որպես գիտական աստիճանի հայցորդ ձևակերպելու կազմակերպչական աշխատանքներում:
Գիտաուսումնական կենտրոնի գործունեության ուղղություններից է նաև Հայաստանի անվտանգության մարմինների պատմության ուսումնասիրումը, որի համար կարևոր խթան հանդիսացավ ՀՀ ԱԱԾ ղեկավարության նախաձեռնությամբ 2006 թվականին բացված Հայաստանի անվտանգության մարմինների պատմության թանգարանը: Թանգարան են այցելում ինչպես Ծառայության աշխատակիցները, այնպես էլ բազմաթիվ հյուրեր Հանրապետությունից և արտերկրից:
Հասցե՝ Երևան, 0001, Նալբանդյան փողոց 104
Հեռախոս +37410 563515
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ ta@sns.am-ին։
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։